Երբ խոսում են «Թրամփի ուղու» մասին, դա մենակ էդ 42 կիլոմետրին է վերաբերվում, մեզ պետք է հետաքրքրի, ոչ թե էդ 42 կիլոմետրը, այլ մասնավորապես Երասխ–Սադարակ հատվածը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Երասխ–Սադարակ հատվածում երկաթգիծ այսօր չկա։ Ե՞րբ դա կլինի, եթե դա լիներ, պետք է լիներ այդ թղթի մեջ։ Ես Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել՝ ի՞նչ փուլում է գտնվում հունվարի 8-ին հնչեցրած իր առաջարկը, որը վերաբերում է Երասխ–Սադարակ–Նախիջևան–Օրդուբադ–Մեղրի– Հորադիզ ճանապարհի կառուցմանը։ Հույս ունեմ պատասխան կստանամ։ Եթե դա չկա, ի՞նչի մասին ենք խոսում։ Դա մեզ ի՞նչ է տալու, թեկուզ աշխարհի ամենալավ ճանապարհը անցնի Հայաստանի տարածքով։

Հաջորդը, իշխանությունները խոսում էին ամբողջական ապաշրջափակման մասին, որն իր մեջ ներառում է նաև Իջևան-Ղազախ ճանապարհը, որովհետև, օրինակ, դեպի հյուսիս ճանապարհը Ղազախով շատ ավելի կարճ է։ Քանի դա չկա, մենք ունենք մի բան, Ադրբեջանի կողմից պարտադրանք։ Կառավարությունը 2022 թվականին առաջարկել էր երեք սահմանային անցման կետ բացել, Սոթքում, Քարահունջում և Երասխում։ Ո՞ւր է դա»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, դեմ չի, որ այդ ճանապարհը լինի Սյունիքով, ԱՄՆ–ն վերահսկի, միայն ուզում է, որ այդ ճանապարհը ավելի երկար լինի, գնա հասնի Երասխ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հայաստանը միշտ հանդես է եկել բոլոր ճանապարհների ապաշրջափակման օգտին, դա իր մեջ ներառում է նաև այդ հատվածը, և բնականաբար, եթե երկար լինի, այդքան էլ տնտեսական ազդեցություն, ներքին սպառման ազդեցությունը ավելի մեծ կլինի։

Փաստաթղթում գրված է, որ Հայաստանը տրամադրում է անխոչընդոտ անցում։ Մյուս կողմից, ո՞րն է Հայաստանի փոխադարձ առավելությունը։ Հայաստանը կստանար փոխադարձ առավելություն, եթե ա) բացվեր Սադարակ–Երասխ հատվածը։ Սրանով մենք Սյունիքի մարզը կկապեինք Արարատի մարզի հետ, դա չունենք։ բ) եթե բացվեր Գյումրի–Կարս երկաթուղին, դա մենք չունենք։ Ավելին ասեմ, Թուրքական պետությունների կազմակերպությունը Գաբալայում համաժողովի ժամանակ կարևորեց  «Զանգեզուրի միջանցքը»։ Փաստորեն, Փաշինյանի խնդրանքը Ալիևը չի հարգել և մնացած երկրներն էլ չեն հարգել»։