Հայկական զարդերը տարեցտարի լայն կիրառություն են ստանում մեր երկրում և Սփյուռքում, իսկ հայկական զարդարվեստի նկատմամբ հասարակության՝ հատկապես երիտասարդների հետաքրքրությունը գնալով ավելի է մեծանում: Նման տեսակետ NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի «FOLK ARTS» հաղորդման շրջանակներում նշեց ազգագրագետ, սցենարիստ, «ԴաֆնԷզարդ»-ի հիմնադիր Մանան Դաֆինը:

«Եթե տասնամյակներ առաջ հայկական զարդերը կրում էին հիմնականում մտավորական կանայք՝ արվեստագետներ, բանաստեղծներ, օպերայի երգչուհիներ, քանի որ այն բնորոշ էր էլիտային և ոչ բոլորին էր հասանելի, ապա այսօր շատերն են գնահատում և կրում հայկականը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս հարցում մեծ դեր են ունեցել հայկական մշակույթը արժևորող անհատները, ազգագրագետները, սոցիալական տարբեր հարթակներում իրազեկման նպատակով բացված մեծ ու փոքր խմբերը:

Մանան Դաֆինի խոսքով՝ հայկական զարդարվեստի ամենակարևոր առանձնահատկությունը զարդանախշերի հայկական համադրության սկզբունքն է՝ տարբեր ոլորտների միջև ներքին խորհրդանշական կապը:

«Շատերն այսօր հայկական զարդարվեստ ասելով միանգամից պատկերացնում են կոնկրետ նախշեր, որոշակի զարդապատկերներ, բայց հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ այդ զարդերը, այդ զարդապատկերները առանձին վերցրած կարող են հանդիպել այլ հին մշակույթներում ևս: Օրինակ ացտեկական, կելտական նախշերում կան բազմաթիվ կրկնվող առանձին զարդապատկերներ և զարդամիավորներ։ Միայն զարդապատկերների գունային, ձևային, չափային, իմաստային համադրությունն է, որ կարող է հստակ խոսել, թե տվյալ զարդը հայկական է, թե՞՝ ոչ»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս հարցում կարևոր է հաշվի առնել մեր ժողովրդի ազգային ճաշակը, հոգեկերտվածքը, որի արդյունքում ծնվել է հայկական զարդարվեստը: «Հայկական արհեստների վերածնունդ» խորագիրը կրող հարցազրույցի շրջանակներում ազգագրագետը պատասխանում է զարդարվեստի վերաբերյալ մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝

  • Որո՞նք են ամենատարածված հայկական զարդանախշերը, թալիսմանները և ինչպիսի՞ իմաստ ունեն դրանք:
  • Արդյոք այսօր բավականաչափ ուսումնասիրվա՞ծ է հայկական զարդարվեստը:
  • Կա՞ն զարդանախշեր, որոնց խորհրդաբանությունը մինչև հիմա մնում է վիճարկելի կամ չբացահայտված։ 
  • Ինչպիսի՞ կիրառություն ունի զարդարվեստը ժամանակակից արվեստում և նորաձևության մեջ։ 
  • Կա՞ն նախագծեր կամ նախաձեռնություններ, որոնք ուղղված են դպրոցականների կամ երիտասարդների շրջանում հայկական զարդարվեստի հանրաճանաչմանն ու տարածմանը:
  • Ի՞նչ նոր մեթոդներ են կիրառվում այսօր հայկական զարդարվեստի ուսումնասիրության մեջ:
  • Կա՞ն արդյոք միջազգային հետազոտողներ կամ ինստիտուտներ, որոնք հետաքրքրված են հայկական զարդարվեստով։ Ինչպիսի՞ համագործակցություններ են եղել։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: