Սամվել Կարապետյանի դատավարությունը դասական քաղաքական հետապնդման դրսևորում է։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Ինչու է բարերար Սամվել Կարապետյանն անազատության մեջ։ Պատասխանը միանշանակ է. որովհետև ունեցել է այնքան համարձակություն, հայրենասիրություն, որպեսզի կանգնի հարձակումների ենթարկվող եկեղեցու կողքին, և դիմագրավի այդ հարձակումները։ Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ թիրախը եկեղեցու դեմքով մեր բոլորիս՝ հայերիս ինքնությունն է»,– ասաց Մելոյանը՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանի կարմիր գիծը հատել են՝ միջամտելով եկեղեցու ներքին կանոնական կյանքին։
Սահմանադրագետն ընդգծեց, որ իր կարմիր գիծը հատել են, երբ վարչապետի մակարդակով հրահանգ է եղել շրջափակել դատարանները։ Նրա խոսքով՝ հենց դա է եղել մեկնարկը, որ երկրում սկսվել է դատական իշխանության ու արդարադատության անկումը։
«Դա է պատճառը, որ այսօր ազատազրկված է մեծանուն հայ բարերարը։ Դա է պատճառը, որ այսօր մեր երկրում կալանավորում են նահատակված հերոսների ծնողներին, սրբազան հայրերին։ Դա է պատճառը, որ արդար, իրենց խղճին, օրենքին հավատարիմ դատավորների լիազորությունները դադարեցվում են, իսկ կամակատարներն ունենում են ծառայողական առաջխաղացում»,– ասաց Մելոյանը։
Հիշեցնենք, որ շուրջ 6 ժամ է՝ հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում են շարունակում մնալ հազարավոր քաղաքացիներ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Այնտեղ են նաև Կարապետյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու բազմաթիվ աջակիցներ։ Հավաքվածները «Պայքար՝ մեր ձևով», «Սամվել», «Արդարություն» վանկարկումներով սպասում են դատարանի որոշմանը։











