Շուրջ 8 ժամ է՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում են շարունակում մնալ հազարավոր քաղաքացիներ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Այնտեղ են նաև Կարապետյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու բազմաթիվ աջակիցներ։
Մինչ այս պահը որևէ նորություն չկա դատական նիստի ընթացքից։
Հավաքվածները «Պայքար՝ մեր ձևով», «Սամվել», «Արդարություն» վանկարկումներով, հայրենասիրական երգերի կատարմամբ սպասում են դատարանի որոշմանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Այսօր ժամը 18։00-ին մեկնարկեց Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։











