Շատ չեմ հասցրել հետևել, միայն մի քանի կադր եմ տեսել Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությունից. կարծում եմ այսօր ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի արդեն պաշտոնական։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, կառավարության մոտ NEWS.am–ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեկվա կադրերն էլ, ճիշտն ասած, շատ անսպասելի էին: Ես առաջնորդարանի դուռը կոտրելու նման բան չեմ տեսել, ես ասեցի, որ տեսել եմ մի քանի կադրեր քննչական կոմիտեի կողմից տարածվածից՝ գումարներ և այլն։ Որևէ բան չեմ ուզում մեկնաբանել, որովհետև այս պահին այդքանն է հայտնի։ Ավելացնելու բան չունեմ, կտեսնենք ինչ կասեն իրավապահ մարմինները»,–ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում նրան, որ քաղաքացուն բերման են ենթարկել և նրա գտնվելու վայրը մի քանի ժամ հայտնի չէր, այդ թվում փաստաբաններին, Ավանեսյանը պատասխանեց. «Ես վստահ չեմ այն հարցադրման մասով, որ դուք անում եք։ Քննչական մարմինները գործում են ըստ շատ խիստ սահմանված ընթացակարգի, և այս այդ ընթացակարգը նկարագրված է։ Մեր բոլոր քաղաքացիները ունեն պաշտպան ունենալու իրավունք և այլն։ Հայաստանում իրավունքների պաշտպանության մասով որևէ մեկը խոչընդոտ, խնդիր չունի։ Ես քրեական իրավունքի մասնագետ չեմ, որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»։
Դիտարկմանը, որ ՔԿ–ն հրապարակել է զարդեր, գումարներ, սակայն քաղաքացիները նշում են, որ իշխանության ցանկացած ներկայացուցչի տունը, որ այսօր խուզարկեն, դրանից պակաս բան չեն գտնի, առողջապահության նախարարն ասաց. «Նախ, Հայաստանի Հանրապետությունում անկախ անձը իշխանության ներկայացուցիչ է, հոգևորական է, բիզնեսմեն է, թե ուսուցիչ է, նրա նկատմամբ քննչական գործողությունները իրականացվում են հավասարաչափ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նույն հենց իշխանության ներկայացուցիչների հետ կապված բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, էլի անձինք կան, որոնք տարվել են հարցաքննության։ Այստեղ անձի, մասնագիտությունը կամ կարգավիճակն ընդգծելը, կարծում եմ՝ տեղին չէ։ Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ բոլորը հավասար են, այդ թվում թե ուսուցիչը, թե նախարարը, թե հոգևորականը և թե այլ ցանկացած անձ»։
Հարցին՝ միանալո՞ւ է Էջմիածնի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հոգևոր հավաքին, Ավանեսյանն արձագանքեց. «Ես այդ մասով պատասխանները տվել եմ արդեն, լրացնելու բան չունեմ»։











