Այս պահին լարված է ոչ միայն Գյումրիի քաղաքապետարանի դրսում, այլեւ ներսում։ Աշխատակիցների և դիմակավորված ուժայինների միջեւ քաշքշոց տեղի ունեցավ։
Քաղաքի բնակիչները հավաքվում են քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկաններ կան։ Քիչ առաջ եւս երկու ավտոբուս ոստիկանական ուժեր եկան։
Իրավապահները փակել են քաղաքապետարանի մուտքի դուռը և թույլ չեն տալիս մարդկանց, այդ թվում քաղաքապետարանի աշխատակիցների ելքն ու մուտքը։
Հավաքվածները սուլում են ոստիկաններին ու վանկարկում՝ «ամոթ»։
Ըստ քաղաքապետարանի աշխատակիցների՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շենքում է, նրա դռան մոտ հսկողություն է սահմանվել։ Նրան, ըստ էության, մեկուսացրել են, իսկ դռան մոտ հավաքված աշխատակիցները մտավախություն ունեն, որ քաղաքապետին ցանկանում են ձերբակալել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքնումուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին միայն հետեւյալը. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։
Հոկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ահազանգել էր իր ու իր ընտանիքի անդամների դեմ իրականացվող հետապնդումների մասին։ Նա դիմել էր նաև ընտրողներին.
«Դիմում եմ իմ ընտրողներին, ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոտրվելու միանշանակ, գիտեք իմ բնավորությունը, ինչքան նման բաներ անեն, մենք կդառնանք ավելի համարձակ։ Ձեր ձայնը հելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա, ես ձեզ կուրսի եմ պահում։ Պետք է, որ ինձ հետ կապի մեջ լինեք, որևէ ոտնձգություն, մենք տեղյակ կպահենք։ Հենց ձեզ տեղյակ պահեցի, լցվում եք իմ կողքը։ Հակադեմոկրտական պահվածքն ինձ ստիպում է, որ ես դրանց դեմ ավելի ուժեղ գործունեություն ծավալեմ օրենքի սահմաններում միանշանակ»։











