Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակելելուց և մեքենայով տանելուց հետո էլ իրավիճակը Գյումրիի քաղաքապետարանի մոտ չի հանդարտվում։ Հրմշտոց ու բախումներ են տեղի ունենում ուժայինների ու քաղաքացիների միջեւ։ Քաղաքացիներից մեկի կողմից հնչեցին հայհոյանքներ։
Մարդիկ զարմացած էին, թե ինչպես կարողացան Վարդան Ղուկասյանին տանել, որ իրենք չտեսան։
Մեկն էլ նշեց, որ հավաքվեցին շենքի դիմացը, մարդկանց շեղեցին, իսկ քաղաքապետին հետնամուտքով հանեցին դուրս ու տարան։
«Նիկոլ, թաղեմ քեզ, Նիկոլ», «Նիկոլ, քո տեղը Արթիկի գաղութն է», բացականչում էին մարդիկ։
Նշենք, որ քիչ առաջ դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ տարան քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ուժայինները նաև կոտրեցին ապակիները։ Երբ Վարդան Ղուկասյանին վազելով տանում էին դեպի ավտոմեքենան, նա ժպտում էր։։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնց թիվը գնալով շատանում էր։
Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել էին և դռան մոտ զինված ոստիկաններ էին կանգնած։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։











