«Ես չգիտեմ Վարդան Ղուկսյանը նախապես տեղյակ է եղել հարձակման մասին թե չէ, բայց ես էլ եմ անձամբ նկատել տևական ժամանակ քաղաքապետի տան վրա դրոններ է պտտվել, մասնավորապես Գյումրու տոնից հետո»։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը՝ նշելով, որ տեղեկություններ ունի այն մասին, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է։
«Առավոտյան տեղի ունեցավ դասական ռեպրեսիա, դասական օկուպացիա, երևի Շուշիի օպերացիան էին այսպես պլանավորել թուրքերը, ոնց որ էսօր քաղաքապետին տանելու օպերացիան էր։ Խայտառակություն էր, շենք մտնելը անհնար էր, փաստացի ԱԱծ-ականները, ոստիկանական ուժերը՝ այդ թվում Երևանից ժամանած, օկուպացրել էին Գյումրու քաղաքապետարանը: Ով ներս մտավ ներսում մնաց, ով դրսում էր դրսում մնաց: Շուրջ 6 ժամ տևեց հակաօրինական գործողությունը քաղաքապետի նկատմամբ: 2 անգամ քաղաքապետը դուրս եկավ որպեսզի հանդարտեցի ժողովրդին, բայց մարդիկ թույլ չտվեցին, որ քաղաքապետը գնա ոստիկանական ուժերի հետ, որովհետև ունեին տխուր օրինակ՝ Միքայել Սրբազանը»,–ասաց Աղեկյանը:
Լիլիթ Աղեկյանի խոսքով, Վարդան Ղուկասյանը ինքնակամ քննչական կոմիտե գնալու ցանկություն էր հայտնել, սակայն քաղաքացիները թույլ չէին տալիս բերման ենթարկել նրան։
«Ժողովրդի բողոքելու ընթացքում քաղաքապետարան հակառակ մուտքի դռները ջարդելով առևանգեցին քաղաքապետին թուրքական մեթոդաբանությամբ: Պարոն Ղուկասյանը ասում էր ինքնակամ գնամ, որ ժողովուրդը հանդարտվի, բայց ժողովրդի թույլ չտալուց հետո քաղաքապետին գողացան»,–պատմեց քաղաքապետի խորհրդականը:
Լիլիթ Աղեկյանը նշեց, որ Գյումրի–Երևան ամբողջ ճանապարհին ոստիկանական մեքենաներ էին կանգնած։
«ՔՊ-ն ցնծության մեջ է: Սարիկ Մինասյան է, գրել է «աղվեսը 2 ոտքով թակարդն ընկավ». ինքը երևույթները կենդանաբանական աշխարհի հետ է նույնացնում: ԱԺ-ից սպառնում էին, որ ԱԱԾ-ի պադվալները կգցեն, դե հիմա խոսքը գործի վերածեցին»,–ասաց նա:











