Էջմիածնի թիվ 1 դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության մոտ. նրանք նշում են, որ դպրոցի տնօրենը Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հրամանով հեռացվել է աշխատանքից՝ քաղաքական զսպվածություն չցուցաբերելու պատճառաբանությամբ։

«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի դիմում ներկայացնենք նախարարին, մեկն էլ կտանք վարչապետին։ Մեր դպրոցի տնօրենին հասցեագրված մեղադրանքն անհիմն է։ Պատճառաբանել են, թե քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել, բայց մեր դպրոցում քաղաքականությանը վերաբերող որևէ հարց չի քննարկվում ու չի խոսվում։ Մեր տնօրենի նման նվիրյալ անձ ես չեմ տեսել, դպրոցը միայն շահում է նմանատիպ ղեկավար ունենալով»,- ասաց դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին։

Բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներն իրենց դիմումը հանձնեցին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչին, վերջինս խոստացավ տեղի ունեցածը քննարկել նաև Արմավիրի մարզպետարանանի աշխատակիցների հետ, քանի որ դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է գտնվում։

«Կրթության մասին օրենքով հստակ ամրագրված է, որ դպրոցը ապաքաղաքական կառույց է, և դպրոցի տնօրենը քաղաքական զսպվածություն պետք է ունենա և քաղաքական գործընթացների չմասնակցի։ Սա ուղղակի ի գիտություն։ Իսկ դիմումը մենք կքննարկենք նար մարզպետարանի հետ»,–ասաց նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ Էջմիածնի թիվ 1 դպրոցում տեղի ունեցածի մանրամասներին չի տիրապետում և չի կարող որևէ կերպ մեկնաբանել կոնկրետ դեպքը։