Երեւանից Վրաստան ուղևորափոխադրում իրականացնող վարորդներից, որոնք արդեն մի քանի օր է՝ Թբիլիսի հասնելուն պես տուգանվում են, վրացական կողմը պահանջում է լիզենզավորվել եւ պայմանագիր կնքել Թբիլիսիի կենտրոնական ավտոկայանի հետ։ Այս պահանջը, սակայն, վարորդների համար անհասկանալի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն շուրջ 15 տարի է՝ նման փոխադրումներ են իրականացնում եւ առաջին անգամ է վրացական կողմից պայմանագրի պահանջ դրվում։
«Վրաստանի օրենսդրության մեջ 8 տեղանոց մեքենաների համար լիցենզիայի պահանջ չկա։ Մեծ մեքենաների համար դեռ հասկանալի է, թեև մեզ մոտ աշխատող ընկերությունները չունեն նման լիցենզիա»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Go 2 ընկերության տնօրեն Արտյոմ Ասրիյանը։
Ընկերության վարորդներից մեկը վերջին օրերին նույնպես տուգանվել է 5000 լարիով, ինչը համարժեք է 705 հազար դրամի։
«Մի 5 հոգով թափվեցին մեքենայի վրա, չթողեցին մեքենայից մարդ իջնի, էկիպաժ են կանչել, 2 մեքենա է մոտեցել, միանգամից մեքենայի կողքերը փակեցին ու փաստաթղթեր պահանջեցին։ Ներկայացրել եմ մեքենայի փաստաթղթերն ու իմ վարորդական իրավունքը։ Առանց որևէ բացատրության ակտ գրեցին 5000 լարի ու զգուշացրին, որ եթե 2-րդ անգամ ակտ գրվի, մեքենան կտանեն պլաշադկա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Go 2 ընկերության վարորդ Գեղամ Մինասյանը։
Ընկերության տնօրենի խոսքով՝ այս օրերին ժամանակավոր լուծում են գտել․ ուղևորներին իրենց մեքենաներով տանում են Բագրատաշենի անցակետ, ու սահմանն անցնելուց հետո վրացական տաքսիով ճանապարհում Թբիլիսի, բայց սա անհարմարություններ է պատճառում ուղևորներին, բացի այդ, եթե այդպես շարունակվի, ստիպված են լինելու բարձրացնել ուղևորափոխադրումների գինը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վրացական կողմը տուգանում է բացառապես անօրինական ուղևորափոխդրումներ իրականացնողներին, իսկ օրինական դաշտում աշխատող վարորդներն ու ուղևորափոխադրող ընկերությունները խնդիրներ չեն ունենում։ Նախարարությունը, մինչդեռ, չի մանրամասնում՝ ինչ է իրենից ենթադրում օրինական դաշտում աշխատելը, արդյոք խոսքը ընկերության՝ Հայաստանում գրանցված լինելու մասին է, թե անհրաժեշտ է պայմանագրեր ունենալ նաեւ վրացական կողմի հետ։ Ուղեւորափոխադրողները, ի վերջո տարիներ շարունակ աշխատել են առանց որեւէ խոչընդոտի։
Հիշեցնենք, որ վերջին տարվա ընթացքում սա Վրաստանում առաջացած միակ խնդիրը չէ հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար։ Հունիսին էլ հայ արտահանողները դժվարություններ էին ունենում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման հարցում։ Բացի այդ, ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ էին ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։











