Եղել է 3 զենք, կրակվել է նաև ներսից դուրս։ Այս մասին այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է Ախտոյանի ազգականի գործով կալանավորվածի պաշտպանը՝ մեջբերելով իր պաշտպանյալի ցուցմունքը։

«Դեպքից անմիջապես հետո բազմաթիվ լրագրողներ եղել են դեպքի վայրում, տեսանկարահանումներ են կատարել։ Ես դատական նիստի վերջում կներկայացնեմ դատարանին։ Խնդիրն այն է, որ փորձագետի եզրակացության մեջ վնասվածքը, որը ներկայացվել է՝ իբրև թե պատճառվել է դրսից ներս, տեսանյութերում հակառակ պատկերն է՝ ներսից դուրս վնասվածք է»,– նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։