Վանաձորի Տարոն 3 ՔՇՀ 7 շենքի բնակիչները բողոքում են, որ պատկան մարմինները հրաժարվում են վերանորոգել շենքի տանիքը։
Նրանց խոսքով, առաջացած ճեղքերի պատճառով ջուրը հոսում է մինչեւ առաջին հարկ: Խնդիրը փոքր-ինչ մեղմելու համար բնակիչները ժամանակավոր ամենահեշտ, բայց ոչ ժամանակակից լուծումն են գտել՝ տանիքում մեծ թասեր ու տարաներ են դրել, որ անձրևաջրերը դրանց մեջ թափվեն: Այս տարիների ընթացքում բազմաթիվ դիմումներ են ուղղել պատկան մարմիններին, բայց ապարդյուն:
«Փյունիկ» համատիրության նախագահ Տիգրան Հարությունյանն ասում է, որ նախ բնակիչներն իրենք իրենց պետք է օգնեն, որ պետության տրամադրած 40 տոկոսի սահմանաչափից օգտվի: Նմանատիպ 1 շենքի տանիք կառուցելու համար միայն նյութածախսը կազմում է 1 մլն 300 հազար դրամ։ Սակայն ըստ համատիրության նախագահի այդ շենքի հաշվեհամարին այս պահի դրությամբ 159 հազար դրամ կա ընդամենը, որը շատ քիչ է տանիք վերանորոգելու համար:
Բնակիչներն էլ հակառակն են պնդում, թե անգամ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներն են բարեխղճորեն կատարում վճարումները: Ավելին, ամռանը խոստացել են հավելյալ վճարի դիմաց ներանորոգել տանիքը: Յուրաքանչյուր ընտանիք 40 հազարական դրամ է ներդրել, դարձյալ փոխանցվելով համատիրության վարձավճարների հավաքագրման հաշվեհամարին:











