Երեկ ժամը 18:00-ի սահմաններում ահազանգ է եղել ու այդ ժամանակվանից փրկարար ծառայությունը մարզի մյուս համայնքներից կամավորականներ, նաև կազմակերպված ընկերներ մասնակցել են 3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներին, բայց դեռ ոչ մի արդյունք չենք ունեցել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գեղանրքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով եւս Ծափաթաղ գյուղի տարածքում։
«Հիմա շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այո, շտաբ ձեւավորվել է, բայց ոչ թե մարզպետարանում, այլ այստեղ է գտնվում։ Շտաբը հիմա քարտեզներով տեղաբաշխում արած որոնողական աշխատանքներ է կազմակերպում։
Չեմ կարող որևէ վարկած մատնանշել, հաշվի առնելով, որ տարբեր խոսակցություններ կան, որ երեխաներին տեսել են այստեղ, տեսել են քիչ ներքևում, հետո մի եղբորը տեսել են տուն վերադառնալուց, բայց հակասական են այդ խոսակցությունները։ Չեմ ուզում, որ դրա վրա կենտրոնանանք, այլ ավելի լավ է որոնողական աշխատանքները ամբողջությամբ իրականացնենք։
Հարազատների ներկայացնելով երեխան եղել է իր մեծ եղբոր հետ։ Հիմա շատ հետ պտտվում է հենց այդ եղբայրը, որն ուզում է տեղը ցույց տալ։ Իրենց անցած ճանապարհն են ցույց տալիս, թե որտեղով են իրենք անցել»,–ասաց նա։
Մարզպետի խոսքով, ընտանիքն անապահով է. «Համայնքի կողմից աջակցություններ ցուցաբերվել են, այս պահին կոնկրետ մարզպետարանի կողմից տրված աջակցության մասին չեմ կարող տեղեկություն հայտնել, բայց վստահաբար, եթե մեզ դիմած լինեն, պարտադիր մենք մեր կողմից էլ աջակցություն տրամադրած կլինենք»։
Մարզպետը նշեց, որ երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծնունդն են նշել տանը։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի հատվածում այս պահին 3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Որոնողաբփրկարարական աշխատանքները կատարվում են ինչպես գյուղի տարածքում, հարակից անտառներում, այնպես էլ Սևանա լճի ափին։
Այս պահին այստեղ կիրառվում են նաև դրոններ, որպեսզի տարածքում ամբողջությամբ նկարահանումներ իրականացնեն։ Ներգրավված են նաև կինոլոգիական խմբեր, բնակիչներ։ —ամանել է Գեղարքունիքի մարզպետը։
Մեր տեղեկություններում Տիգրանի ընտանիքում 5 երեխա են. վարկածներից մեկն այն է, որ 5–ամյա եղբոր հետ է փոքրիկ Տիգրանը դուրս եկել տնից, սակայն տուն վերադարձել է միայն 5–ամյա եղբայրը, Տիգրանից որեւէ լուր չկա։
Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 27–ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։











