Իշխանությունները փորձում են իրենց ներկայացնել որպես խաղաղության կուսակցություն, հակառակորդներին՝ պատերազմի կուսակցություն։ Դա խաղարկելով՝ նրանք փորձում են ընտրողների ձայներ շահել, NEWS.am-ի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Հենց դրա համար էլ նա վազում էր Ադրբեջանի հետևից՝ փորձելով ստանալ մի թուղթ, որը կկարողանա ներկայացնել որպես խաղաղության համաձայնագիր։ Հիմա նա իրավական ուժ չունեցող այդ թուղթը փորձում է ներկայացնել որպես հաստատված խաղաղություն, որպեսզի Բաքվի աջակցության ֆոնին կարողանա վերարտադրվել։

Նրա դեմ հանդես եկող ուժերը պետք է հայ ժողովրդին բացատրեն, որ Փաշինյանը երկիրը տանում է դեպի սողացող աղետ, պետք է բացատրեն, որ իրենք պատերազմի կողմնակից չեն։

Փաշինյանի նկատմամբ հաղթանակի ներուժ կա, բայց չգիտեմ, թե որքանով նրանք կկարողանան դա օգտագործել։ Կարևոր է ոչ միայն ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ունենալ, այլև իմանալ՝ ինչպես դրանք գրագետ օգտագործել։ Եթե դա չլինի, Փաշինյանի հակառակորդներին դժվար ժամանակներ են սպասում»,- նշել է Կիվիրյանը։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ը կազդի տարածաշրջանի վրա Ադրբեջանի միջոցով, քանի որ հրաժարվել է «մեղմ ուժի» բանաձևից։

Կիվիրյանը հավելել է, որ քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է, Ռուսաստանը կտրուկ քայլեր չի ձեռնարկի Հարավային Կովկասի ուղղությամբ։ «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները խորանում են, բայց Ուկրաինայում հակամարտության ֆոնին Մոսկվան պատրաստ չէ փոխել ստատուս քվոն։

Ակնհայտ է, որ Մոսկվան պայմանավորվածություններ ունի Փաշինյանի հետ՝ չանցնել կարևոր կարմիր գծերը, և այս առումով նա նրանց հարմար է, քանի դեռ ուկրաինական հակամարտությունը շարունակվում է։ Բայց հակամարտության կարգավորումից հետո Ռուսաստանը կդառնա մեր տարածաշրջանին»,- եզրափակել է փորձագետը։