Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի պահպանել իշխանությունը մինչև 2026 թվականը, Հայաստանը կարող է հայտնվել Ադրբեջանի ուղիղ ազդեցության տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։
«Սա չի նշանակում, որ գալու են մեզ մեր տներում մորթեն։ Սա նշանակում է, որ փափուկ ուժի ճնշումն ավելի է սաստկանալու։ Սկսվելու է այդ բարեկամական գործընթացը, որը որոշ ժամանակ շարունակվելու է․ ադրբեջանցիներ են գալու Հայաստան բնակության, ունենալու են երաշխիքներ, և դա լինելու է պետական մակարդակով։ Բնակչության բալանսը սկսելու է փոխվել, ադրբեջանցիներն էլ ֆինանսավորվելու են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Դե յուրե՝ թղթի վրա, գուցե որոշ ժամանակ պահպանենք անկախությունը, բայց դե ֆակտո այն կկորցնենք։ Մենք կդառնանք Ադրբեջանի գուբեռնիա»,– ասել է Համբարձումյանը։
Նա նշել է, որ ինքն կողմ է բարեկամությանը, սակայն չի հավատում, թե «ուժեղը կարող է ազնիվ բարեկամություն անել թույլի հետ»։
Հիշեցնենք՝ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո, և ազատվել է նոյեմբերի 7-ին։











