Հաղարծինի ճանապարհը, որտեղ նախօրեին Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել էր, արդեն մեկ ու կես տարի է՝ չի սպասարկվում որևէ ընկերության կողմից։
Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհները սպասարկում է «Քյավառ սերվիս» ընկերությունը։ Ընկերությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ճանապարհի մոտ կաբելների անցկացման աշխատանքներով պայմանավորված, արդեն մեկ ու կես տարի է՝ չեն սպասարկում այն։ Ըստ պայմանագրի, միայն ձմռանը ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ համայնքապետարանի կողմից նշված ճանապարհին իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը հանվել է սպասարկումից։ Սպասարկումը կվերականգնվի շինարարական աշխատանքների ավարտից հետո։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ նոյեմբերի 2-ին՝ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում Բրյուսովի անվան պետական համալսարանի 45 ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով տուժել է 30 ուսանող։
Վթարից տուժած ուսանողներից 3-ը շարունակում են մնալ բժշկական կենտրոնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանր։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին որոշում է կայացվել։











