Ես կողմ եմ վեցամսյա ժամկետային զորակոչի ներդրմանը և որոշակի զենքով ուսուցմանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազատական կուսակցության ղեկավար և Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
Ըստ նրա՝ ծառայության նման ժամկետի ընթացքում որոշակի թվով զինծառայողներ պայմանագիր կնքելու ցանկություն կհայտնեն։
«Մնացած զինվորները կանցնեն 1,5 տարվա խոր ուսուցում և 25-ամյա պայմանագրեր կկնքեն՝ ամսական 2000 դոլարին համարժեք դրամ, իսկ սպաների համար՝ 3000 դոլարից սկսած աշխատավարձով։
Սրանք լուծելի խնդիրներ են։ Իշխանությունները չեն ցանկանում լուծել այս խնդիրները և ընդհանրապես չեն ցանկանում բանակ ունենալ՝ առաջարկելով հանձնվել Թուրքիային և Ադրբեջանին»,- նշեց Բաբայանը։
Նա կարծում է, որ գործող կառավարությունը 44-օրյա պատերազմում կրած պարտության համար պետք է նստի մեղադրյալի աթոռին։
«Եթե մարզպետերը չեն ապահովել զորահավաք, եթե Գլխավոր շտաբը պետք է զինվորներ ուղարկեր առաջնագիծ, որ նրանք կրակեին և իրենց հրամանատարներին դեմքով ճանաչեին, և այլն...»,- ընդգծեց Բաբայանը։











