Վերջին 5 տարիների ընթացքում Բաքվում մշտապես մտածել են, թե ինչպես անարգել կապ ապահովել երկրի հիմնական մասի և Նախիջևանի էքսկլավի միջև։ Այս մասին նոյեմբերի 4-ին Երևանում «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թոփչուբաշովի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։

«Եթե ես ճիշտ եմ հասկանում, ապա հիմնական բանակցային գործընթացը տեղի է ունենում Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Դրանք վերաբերում են Հայաստանի հարավային մարզերի կարգավիճակին, ձևաչափին և այլ ասպեկտներին։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու հասարակություններում հարցի զգայունությունը՝ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ՝ արագ և անարգել անցում ունենալու վերաբերյալ», - ասել է Հուսեյնովը։

Փորձագետը նշել է, որ հիմնական նպատակը կայանում է նրանում, որ Նախիջևանի բնակիչները կարողանան օգուտներ ստանալ, քանի որ «վերջին 40 տարիներին փաստացի կտրված են եղել բազմաթիվ բարիքներից»։ «Ադրբեջանում կա կոնսենսուս. Նախիջևանում ապրող մարդիկ արժանի են տեսնելու խաղաղության ձեռքբերման օգուտները», - նշել է Բաքվի վերլուծական կենտրոնի տնօրենը։