Հովք գյուղում ոչ քարտով կարող ենք թոշակ ստանալ, ոչ էլ հետվճարայինից օգտվել։ Գյուղացին էլի իր հին տաշտակի առաջ է։ NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հովքի բնակիչ Կարինե Ալքումյանը՝ խոսելով համայնքի սոցիալական խնդիրների մասին։
«Գյուղում այդ ծրագիրը չի գործում, ոչ միայն քարտով չենք կարողանում թոշակը ստանալ, այլև հետվճարայինից չենք կարող օգտվել, գյուղում ով է քարտով առևտուր անում, ուրեմն էդ հետվճարայինն էլ գյուղացու համար սուտ ու չեղած բան է։ Ուրեմն ո՞ւմ համար է թոշակն ավելացել, գյուղացին էլի իր հին տաշտակի առաջ է»,-նշել է գյուղի բնակչուհին։
Տավուշի մարզի Հովք գյուղը, որը մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա է, ունի շուրջ 430 բնակիչ։ Գյուղում ապրում են հիմնականում Արցախից 90-ականներին տեղահանված ընտանիքներ։
Բնակիչները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, սակայն բախվում են բազմաթիվ խնդիրների՝ տանիքների, գոմերի, ջերմոցների վերանորոգման, ինչպես նաև ձմռան ջեռուցման հետ կապված։ Գազը հասանելի է ոչ բոլորին, իսկ փայտի մատակարարումը խստացվել է։ Գյուղում բնակիչները հույս ունեն, որ սոցիալապես անապահովներին կտրամադրվեն գոնե մի քանի խմ փայտի կտրոններ։ Լքված տների ու դատարկ փողոցների ֆոնին Հովքը օրեցօր ավելի է ծերանում։
Մանրամասները՝ տեսանյութում։











