Թուրքիան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, և եթե ճանապարհները բացվեն, երեք երկրների, ներառյալ՝ Ադրբեջանի ժողովուրդներն այդ փոփոխությունները որպես կայունացնող գործոն կդիտարկեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի՝ ծագումով հայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը։

Նրա գնահատմամբ՝ դա կուժեղացնի նաև Հայաստանը։

 «Եթե կայունություն չհաստատվի, բոլորն էլ կորուստներ կկրեն։ Իսկ ի՞նչ այլընտրանք կա։ Պատերազմը։ Մենք պատրաստ չենք պատերազմի։ Մենք կարծում էինք, որ Ռուսաստանը պետք է օգներ, բայց 2020 թվականին նա չօգնեց։ Կարո՞ղ ենք վստահել ԱՄՆ-ին։ Ոչ։ ԱՄՆ-ն նույնպես ոչինչ չձեռնարկեց, այդ թվում՝ Թրամփի նախագահության օրոք՝ 2020 թվականին։ Հետևաբար, մեզ անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ և լավ հարաբերություններ մեր հարևանների հետ։

Մենք տեսանք, որ Թուրքիան Ադրբեջանին օգնեց 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց Թուրքիան դրանից ոչինչ չշահեց։ Շահեցին Ադրբեջանն ու Ռուսաստանը, որոնք զորքեր ուղարկեցին Արցախ: Սակայն Թուրքիան ոչինչ չշահեց, նաև՝ տնտեսական տեսանկյունից։

Դա ցույց տվեց, որ Թուրքիան ռազմական ճանապարհով ոչինչ չշահեց, մինչդեռ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի միջոցով կարող է շատ բանի հասնել։ Արդյունքում, վերջին չորս տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխվել է. Թուրքիան խաղաղության կողմնակից է»,- նշել է Փայլանը։