2024–ի ապրիլից մինչև այսօր մենք չենք աշխատում, իսկ վերջին անգամ աշխատավարձ ստացել ենք 2024–ի օգոստոսին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հրազդանի ցեմենտի գործարանում 22 տարի որպես դիսպեչեր աշխատած Մանվել Հովհաննիսյանը։

«Միայն պահակային ծառայությունն է աշխատավարձ ստացել, մնացածը չեն ստացել։ Խոսքը մոտավորապես, ամսական 40-45 մլն դրամի մասին է։ 421 աշխատող ունի գործարանը։

Մենք մեր պահանջը ներկայացրել ենք, 2024–ի օգոստոսից մինչև հիմա մեկ դրամ փող չենք ստացել։ Ուզում ենք վերջնական հասկանանք՝ գործարանը աշխատելո՞ւ է, թե՞ ոչ։ Որտեղ գնում ենք, որ աշխատենք, ասում են՝ դու գրանցված ես, ՊԵԿ–ով կերևա, ու չեն ընդունում։ Ես մի քանի անգամ փորձել եմ՝ չեն ընդունել։ Գործարանում էլ մարդ չկա, որ գնամ, ասեմ՝ իմ ազատման դիմումը վերցրու, ես էլ գնամ երկու կոպիկ փող աշխատեմ։  Հեսա ձմեռ է եկել, վառարան եմ դրել, գազ չեմ կարողանում վառել։

Ուզում ենք, որ իշխանությունը զբաղվի մեր հարցերով։ Մենք չգիտենք ում դիմենք, բոլորը գցում են իրար վրա։ Մեկը գցում է արդարադատության նախարարության վրա, արդարադատության նախարարը՝ ՊԵԿ-ի վրա, ՊԵԿ-ը գցում է դատարանի վրա։ Ես չգիտեմ՝ այս շղթան ոնց է արվում։ Անգամ չգիտենք՝ մենք տնօրեն ունենք, թե չունենք»,–ասաց աշխատակիցը։

Հարցին՝ ի՞նչ են իրենք պահանջում, Մանվել Հովհաննիսյանը պատասխանեց. «Խնդրում եմ առաջին հերթին, որ Փաշինյանը, իր տեղակալները գործարանի հարցում որոշում կայացնեն. Կամ էս կողմ, կամ էն կողմ, ու մեր փողը տան։ Գոնե 3-4 ամսվա փող տան ձմեռը հանենք։

Եթե տեսնենք, որ ոչ մեկը ոչ մի բան չի անում, գնանք մի ճանապարհ փակենք, Աթարբեկյանի Վանատուրի շրջանաձև խաչմերուկը, որ ելումուտ չլինի։ Խի հնդիկները կարան Իջևանում փակեն, ինչ-որ արդյունքի հասնեն, մենք էլ արդեն կփակենք, արդեն ելք չկա։ Սոված մարդն է դուրս գալիս, կուշտ մարդը չի դուրս գալիս, կուշտն իր դղյակներում է»,– ընդգծեց նա։