Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) այսօրվա՝ նոյեմբերի 13–ի նիստը լարված է անցնում։ Ներսում բազմաթիվ լրագրողներ են ներկա։ Այստեղ է նաեւ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դիմելով հարցադրումներ անող լրագրողներին, ասաց. «Դուք խնդիր ունեք տապալե՞լ այս նիստը։ Ես ՀԾԿՀ նախագահի մոտ չէի, հանգստի սենյակում էի։ Թողեք նստեմ իմ տեղը։ Խնդրում եմ, այստեղ կարգուկանոն հաստատեք։

Խնդրում եմ՝ թողեք աշխատենք, չի կարելի այսպես վարվել։ Դուք խոչընդոտում եք մեր օրինական իրավունքներին։ ՀԷՑ–ի գործադիր կառավարումը ես եմ ներկայացնում»,–ասաց նա։

Ապա դիմելով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, ասաց. «Պարոն Մեսրոպյան, խնդրում եմ կարգի հրավիրեք ձեր լրատվականներին»։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վերահսկիչ կոմիտեն զգուշացրել էր իշխանություններին նման որոշման դեմ՝ այն անվանելով ընկերության բռնի զավթում, որի համար «հանրությունը կվճարի»։

Նշենք, որ «Տաշիր» խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում։