Հարգելի լրագրողներ, վերջին անգամ եմ խնդրում, զբաղեցրեք ձեր տեղերը, այլապես ստիպված կլինեմ բոլոր կարգազանցներին հեռացնել դահլիճից։ Այն, ինչ դուք անում եք, անկարգություն է, խուլիգանություն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) նիստին, որի օրակարգում ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու հարցն է, հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Իրավիճակը լարված է, լրագրողները բազմաթիվ հարցեր են ուղղում ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որոնց վերջինս չի պատասխանում, միայն հայտարարում է, որ թողնեն նիստը սկսվի, աշխատեն։ Այստեղ է նաեւ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Մեսրոպ Մեսրոպյանը բղավելով ասաց. «Թույլ տվեք նիստը սկսել, հարցեր տալու իրավունք այս փուլում չունեք»։
Ի վերջո հաջողվեց նիստը սկսել, ՀԾԿՀ նախագահն ասաց. Բնավ տրամադրված չեմ նիստի ընթացքում որեւէ մեկին հեռացնել դահլիճից կարգազանցության պատճառաբանությամբ, բայց եթե նիստը սկսելուց հետո կլինեն այդպիսիք, ես իրավասում եմ այդ գործողությանը գնալու։ Բոլորս հասուն մարդիկ ենք, հարցը շատը զգայում ու ծավալուն է, եկեք կենտրոնանանք հարցի բովանդակության վրա։ Նիստից հետո ես բրիֆինգ կտամ, կպատասխանեմ բոլոր հարցերին»։
Նա տեղեկացրեց, որ նիստին մասնակցում են ՀԾԿՀ 5 անդամները, այսինքն քվորում կա։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վերահսկիչ կոմիտեն զգուշացրել էր իշխանություններին նման որոշման դեմ՝ այն անվանելով ընկերության բռնի զավթում, որի համար «հանրությունը կվճարի»։
Նշենք, որ «Տաշիր» խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում։











