ՀՀ քաղաքացիները նյարդայնանում և մեզ մեղադրում են, որ մենք դեռ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ իրենց առաջնորդած ուժերին։  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբեմն քաղաքացիներն ասում են՝ մեկ–մեկ այնպիսի տպավորություն է, որ շատ հարմար տեղ է ձեզ համար այդ խոսակցությունների մեջ մտնել, որպեսզի իրական խնդիրները, որ կան, որ պետք է քննարկել, լուծումներ գտնել, որ դրանցից խուսափեք։

Իրոք, այդ թնջուկը պետք է լուծվի և այդ լուծման ճանապարհն այն է, որ շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, և պետք է այնպես անել, որ այդ անձանց առաջնորդած ուժերը չլինեն խորհրդարանում։Եթե լինեն, այս նույն վիճակը շարունակվելու է։ Հասունացել է այդ պահը, որ այդ խնդիրը լուծվի»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ ԱԺ–ում ընդդիմության պատգամավորներից մեկն իրեն մեղադրեց այլ երկրի ազդեցության գործակալին բարձր պաշտոններ եմ տվել Զինված ուժերում. «Դա երեկ էր, այսօր եկավ այս ամբիոնից նույն մարդուն պաշտպանեց որպես հալածյալ։ Սա վկայում է այն մասին, որ ի հեճուկս անձնական որոշակի խնդիրների, իրենք ուղղակի նույն կարգավիճակում են, նույն տեղից հրահանգը ստանում են, թե ում է պետք պաշտպանել, ում՝ ոչ։

Այս ընտրություններում այդ խնդիրը պետք է լուծվի, որովհետեւ ինչպես կարող ենք կռահել այդ նույն ելույթներից ու հաջորդականությունից, այս քաղաքական ուժերը և նրանց առաջնորդները նույնպիսի, ենթադրաբար, ազդեցության գործակալներ են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս քննարկումները ամբողջը դրա մասին են ցույց տալիս։

Եվ ես ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի և 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետև այդ մարդիկ ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները ուզում են զզվանք, քամահրանք, արհամարհանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա խոսեց 2018 թվականի և այսօրվա Հայաստանի տարբերությունների մասին. «2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկած անձիք։ Այսօր Հայաստանը անկախ պետություն է, ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանը ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել»,– հայտարարեց վարչապետը։