Բաքվում, ինչպես պնդվում է, կեղծ մեղադրանքներով պահվող հայ գերիների վերադարձը Հայաստանի ներկայիս իշխանությունների օրակարգում չէ։ Այս մասին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ հայ գերիները ենթարկվում են ճնշումների Ադրբեջանում։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։
Խորհրդարանականն ընդգծել է, որ այս մարդիկ, ըստ էության, զոհաբերել են իրենց՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։
«Կարծես թե գերիների վերադարձը պետք է լինի առաջնահերթություն ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգերում։ Սակայն, չնայած իշխանությունների հայտարարություններին, որ նրանք այս հարցը բարձրացնում են տարբեր միջազգային կազմակերպություններում, արդյունքները մնում են զրոյական»,- նշել է Գալստյանը։ Նրա խոսքով՝ այս հարցի անտեսման ապացույցը իշխող կուսակցության որոշումն էր՝ դեմ քվեարկել «Հայաստան» խմբակցության անդամների նախաձեռնած՝ գերիների վերաբերյալ բանաձեւին Եվրանեսթի աշնանային նստաշրջանում։ Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները նույնպես մերժել էին նմանատիպ բանաձեւ Պորտուգալիայում կայացած ԵԱՀԿ նիստում։
«Հետեւաբար, նրանք միջազգային հանրությանը հստակ ազդանշան են ուղարկել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ գերիների ճակատագիրը Հայաստանի քաղաքական օրակարգում չէ։ Դժվար է պատկերացնել ավելի անբարոյական վարքագիծ՝ նրանց կողմից Արցախից փաստացի հրաժարվելուց հետո»,- եզրափակել է ընդդիմադիր գործիչը։











