Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, դրա թիվ մեկ պատասխանատու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր գլխավորած խմբակը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14–ին, Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակղցության ամփոփիչ հանրահավաքում նշեց կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

«Այսօր Ալիևը հոխորտում է, որովհետև մենք կորցրել ենք Արցախը։ Ոմանք չգիտակցեցին Արցախի գինը, նշանակությունը, ու այսօր մենք կանգնած ենք արդեն Հայաստանի Հանրապետության լինել-չլինելու հարցի առաջ։ Ու որպեսզի Ալիևի ախորժակը չբացվի, Սևանին այլ անվանում չտա, Երևանին այլ անվանում չտա, Վաղարշապատին այլ անվանում չտա, մենք պետք է մեր ձեռքը վերցնենք մեր երկիրը կառավարելու, զարգացնելու, մեր երկրի համար իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովելու պատասխանատվությունը և մերժենք օրվա իշխանությանը բոլոր հարթակներում։

Կիրակի օրը յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ եթե ինքը չի գնում ընտրատեղամաս, ուրեմն թիկունքից հարվածում է խրամատում կանգնած զինվորին։ Յուրաքանչյուր վաղարշապատցի պետք է իմանա, որ եթե ինքը ձայնը տալիս է ՔՊ–ին կամ նրա կցորդներին, ուրեմն թիկունքից հարվածում է մեր զինվորին, Երևանին, Էջմիածնին և մեր պետությանը։

Յուրաքանչյուր վաղարշապատցի պետք է իմանա, որ ձայնը տալով ազգային ուժերին և մասնավորապես «Մայր Հայաստանին», ինքը իր ձեռքն է վերցնում քաղաքը, համայնքը, երկիրը կառավարելու պատասխանատվությունը»,– ընդգծեց Անդրանիկ Թևանյանը։

Իր խոսքից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մայր տաճար։