Բացի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամներից, որոնց աշխատավարձերն ու պարգեւավճարները չեն ներառվում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ եւ վճարվել են «Տաշիր» խմբի գործադիր տնօրեն Սամվել Կարապետյանի կողմից իր սեփական միջոցներից, ընկերությունում ոչ ոք տասնյակ միլիոններ չի ստացել, ինչպես այժմ պնդում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Ըստ Ղազինյանի՝ եղել է միայն մեկ դեպք, երբ ֆինանսական տնօրենը, որը 10 տարի աշխատել է ընկերությունում, հրաժարական է տվել, եւ հաշվի առնելով նրա ներդրումը՝ ընկերությունը նրան պարգեւավճար է շնորհել։
«Թող Ռոմանոս Պետրոսյանը մատնանշի երկրորդ նման դեպքը։ Ես, օրինակ, պատրաստ եմ մեկնաբանել իմ խոսքերը, երբ ձեզ հարմար լինի, եւ դուք կտեսնեք, թե արդյոք տարբերություն կա իմ ասածների մեջ»,- նշել է Ղազինյանը՝ ենթադրելով, որ Պետրոսյանի հայտարարությունները հակասում են փաստերին։
Հիշեցնենք, որ երեկ « ՀայԱստանի էլցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մեկնաբանել է իր աշխատավարձը՝ նշելով, որ իր պաշտոնավարման երեքուկես ամիսների ընթացքում միլիոնավոր դրամներ է խնայել ընկերության սեփականատերերի՝ Կարապետյանների ընտանիքի համար։
«Կարող եմ ասել, որ ես եւ իմ նշանակած թիմը կամավոր հրաժարվել ենք աշխատանքից ազատված աշխատակիցների ստացած միլիոնավոր եւ տասնյակ միլիոնավոր պարգեւավճարներից»,- նշել է Պետրոսյանը։
Նա նաեւ պարզաբանել է, որ իր աշխատավարձը պակաս է սոցիալական ցանցերում նախկինում հաղորդված 5.2 միլիոն դրամից (13 հազար 600 դոլար), սակայն հրաժարվել է բացահայտել ճշգրիտ գումարը. «Իմ իրավունքն է չպատասխանել այդ հարցին»։ Նա ավելացրել է, որ ինքը հարկեր վճարող պաշտոնյա է, եւ որ իր հարկային հաշվետվությունը հասանելի կլինի ավելի ուշ։
Հարցին, թե արդյոք ամաչում է Կարապետյանների ընտանիքից աշխատավարձ ստանալու համար, Պետրոսյանը պատասխանել է, որ վերջին ամիսներին զգալի աշխատանք է կատարել Սամվել Կարապետյանի եւ նրա ընտանիքի համար։ «Ես խնայեցի, եթե ոչ միլիարդավոր, ապա միլիոնավոր դրամներ գնումների գործընթացների ընթացքում՝ շնորհիվ «Էլցանցերի» ներդրումային ծրագրի շրջանակում մատակարարման թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ ընկերության միջին եւ ավագ ղեկավարության ստվերային գործարքների դեմ պայքարի»,- ասել է նա։











