Եգիպտական Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային խաղի ընթացքում այնպիսի մեծ մասշտաբի արյունալի ջարդ է տեղի ունեցել, ինչպիսին սպորտի այս տեսակը դեռեւս չէր տեսել իր ամբողջ պատմության ընթացքում: Արդյունքում կան 74 զոհվածներ, հազարավոր վիրավորներ:

Պորտ Սաիդի 40 հազարանոց մարզադաշտը կարծես խելագարվել էր: Հազիվ եզրափակիչ սուլոցը չհնչած` ամբոխը դուրս է նետվել դաշտ, ձեռնամարտի բռնվել: «Ալ Մասրի» տեղական ակումբի կողմնակիցները ճանապարհում էին Կահիրեի մայրաքաղաքային  «Ալ Ահլի» աջակցող խմբին: Չնայած այն բանին, որ տեխնիկապես հյուրերը պարտվել էին` 1:3, նրանց որոշել էին նաեւ ֆիզիկապես տանջել:  Ջարդարարները հարձակվել են Կահիրեի հավաքականի մարզչային շտաբի, ազգային հավաքականի առաջատարի վրա: Վախեցած, գունաթափված  պորտուգալացի մարզիչ Մանուել Ժոզեին մարզադաշտից տարհանել են անվտանգության ուժերը:

Մարզադաշտում հրդեհ է բռնկվել: Անկարգություններից սարսափահար մարդիկ սկսել են դեպի ելքերը շտապել, որոնք այդ պահին կարծես վերածված լինեին որոգայթների: Հենց այդ անօդ ամբոխի մեջ էլ ոտնատակ են տրվել եւ տրորվել տասնյակ մարդիկ, այդ թվում նաեւ դեռահասներ: Եւ այդ ամբողջ ընթացքում ամբոխի ժխորի հետ մեկտեղ մարզադաշտով հնչել է  առույգացնող երաժշտություն:

Երբ Պորտ Սաիդում կատարված բախումների լուրը Կահիրե է հասել, դատավորները դադարեցրել են եգիպտական մայրաքաղաքի գլխավոր մարզադաշտում առաջնության համար պայքարող եւս մեկ խաղ: Ի պատասխան`բարկացած երկրպագուները հրդեհել են նստատեղերը, եւ նորից տուժածներ կան: 

Ըստ տեղական լրատվամիջոցների` մի քանի ժամ անց Եգիպտոսի Գերագույն ռազմական խուրհուրդը պաշտոնից ազատել է Պորտ Սաիդ նահանգի նահանգապետին եւ անվտանգության ծառայության ղեկավարին: Անկարգության հրահրիչները ձերբակալված են: Երկրում եռօրյա սուգ է հայտարարված, հաղորդում է vesti.ru-ն: