Ֆրանսիայում նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի դեմ ուղղված անսպասելի բողոքի ակցիա է տեղի ունեցել` Փարիզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Գոյության պայմաններից զրկված կինը Օլանդի ելույթի ժամանակ նրան է մոտեցել եւ ալյուր լցրել վրան: Կնոջն անմիջապես դուրս են բերել դահլիճից` քարշ տալով բեմով:
Իր այս քայլը Լիլ քաղաքի 45-ամյա բնակչուհին բացատրել է նրանով, որ բնակարանային անկատար օրենսդրության պատճառով մնացել է առանց ապրելու միջոցների:
Ալյուրի մեջ կորած Օլանդը կարողացել է պահպանել սառնասրտությունը: Սկզբում նա փորձել է ցույց տալ, թե ոչ մի անսովոր բան տեղի չի ունեցել, սակայն քիչ անց անհետացել է կուլիսներում, որպեսզի կարգի բերի իրեն:
Նա հայտարարել է, որ դեպքի ժամանակ գրեթե ոչինչ չի տեսել, սակայն հետո իր բլոգում գրել է, որ բողոքն արտահայտելու այլ միջոցներ էլ կան, հավելելով, որ ինքը միշտ բաց է երկխոսության համար, հաղորդում է Lenta.ru-ն վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Օլանդը իր նախընտրական արշավի սկսելու մասին պաշտոնապես հայտարարել է հունվարի 22-ին: Նա համարվում է գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի հիմնական մրցակիցը: Հունվարին անցկացված հարցումների տվյալներով, Օլանդը դուրս կգա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ եւ ունի Սարկոզիին հաղթելու բոլոր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան 2012-ի ապրիլին, երկրորդ փուլը` մայիսին: