Գլոբալ քաղաքականությունը կառավարվում է շատ կոնկրետ կանոններով. Հայաստանը վերջին առնվազն հինգ տարիներին առաջնորդվում է խաղի այն կանոններով, որոնք սահմանված են աշխարհի կողմից, և դա է նաև բացառապես պատճառ հանդիսացել, որ այսօր Հայաստանի շուրջ և Հայաստանի նկատմամբ ձևավորված է վստահության բարձր մակարդակ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գործող իշխանությունը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և դրանով հանձնել այն։

«Եթե չլիներ այդ վստահության բարձր մակարդակը, չէին լինի նաև այն բազմաթիվ դրական զարգացումները, որոնք Հայաստանի շուրջ տեղի են ունենում աշխարհի տարբեր գերտերությունների հետ հարաբերություններում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Արցախի ներկայացուցչությունում ասում են, որ արցացիները հեռանում են Հայաստանից, նաեւ ՀՀ քաղաքացիների շրջանում արտագաղթ կա, ԲՏԱ նախարարն ասաց. «Դժբախտությամբ պիտի արձանագրեմ, որ ձեր մեջբերած մարդկանց հավատալու որևէ պատճառ չունեմ։ Ինչ վերաբերում է դեմոգրաֆիական խնդիրներին, ես կարող եմ ասել, որ մեր քաղաքականությունները միտված են ծնելիության թվի ավելացմանը և դրա ցցուն օրինակներից մեկը երեկ կառավարության նիստում կայացված որոշում էր, որը պիտի զգալիորեն խրախուսի ծնելիությունը։ Սա մեր քայլերից մեկն է, այդպես ենք մենք պատկերացնում մեր բնակչության թվի ավելացումը։

Մեկ այլ ոչ պակաս կարևոր գործոն է խաղաղության պայմաններում գոյակցությունը և կառավարության կարևորագույն և ռազմավարական քայլերից մեկն այն է, որ հաստատակամորեն մենք գնում ենք մեր տարածաշրջան երկարատև խաղաղություն բերելու։ Մենք հավատացած ենք, որ հարատև կամ երկարատև խաղաղությունը նախ և առաջ համար մեկ գործոն է լինելու մեր հայրենակիցների ոչ միայն Հայաստանում իրենց ապագան և երազանքներ իրականացնելու վայր դիտարկելու համար։ Նաև Հայաստանը դիտարկվելու է որպես մի երկիր, որտեղ կարելի է վերադառնալ, աշխատել, հարստանալ ու ապրել։

Հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե ոչ, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ։ Բռնության կոչերի համար, այո, կալանավորված մարդիկ կան»։

Նա չցանկացավ մեկնաբանել, թե որն է կոնկրետ Սամվել Կարապետյանի մեղքը, արդյոք նա բռնության կոչ է արել. «Չեմ մեկնաբանի, դրա համար կան հստակ մարմիններ, դատական համակարգ, որոնք որ կտան ձեր հարցի պատասխանը։ Միգուցե դատարանը համարի, որ ոչ, և պետք է դրա հետ հաշվի նստել։ Բայց կարող է դատարանը այլ բան հարալե։ Բազմաթիվ նյուանսներ կան, և ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր անելիքով պիտի զբաղվի։ Ես դատավոր չեմ, բնավ նման հավակնություններ էլ չունեմ։ Այո, կան մարդիկ, որոնք բռնության կոչերի համար կալանավորված են ու ես ակնկալում եմ, որ ըստ արժանվույն և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն կլինի»։

Հարցին՝ երբ ասում են՝ «մեր ձեւով մասնակցելու ենք», դրա տակ ինքն ի՞նչ է հասկանում, նա պատասխանեց. «Անկեղծ ասած, ես դրա տակ շատ կոնկրետ ենթատեքստեր եմ տեսել, բայց նորից եմ ասում, եթե դատարանը կհամարի, որ այն ենթատեքստերը, որ ես տեսել եմ, սխալ են, պետք է դրա հետ հաշվի նստել, թեև անկեղծ ասած՝ չեմ կարծում»։