Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ նրանց առաջարկը թույլ էր և մանիպուլյատիվ։ Այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ մեկնաբանելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությունները։

«Խոսքը 0,02 դրամի մասին է, ինչը ամսական կտրվածքով Հայաստանի միջին վիճակագրական ընտանիքի համար կունենա 40 դրամի ազդեցություն։

Խոսքը միայն սակագնի մասին չէ։ Մենք չենք կարող տարվա կեսից նվազեցնել սակագինը՝ ելնելով ինչ-որ մեկի քմահաճույքներից։ Սակագնի վրա բազմաթիվ գործոններ են ազդում։ Սակագների վերաբերյալ ամփոփումները կատարում ենք տարեվերջին, երբ հասկանում ենք յուրաքանչյուր գործոնի ազդեցությունը, որպեսզի պարզենք՝ կարո՞ղ ենք նվազեցնել սակագինը և պահպանել այն մի քանի տարի, թե՞ ոչ, այլ ոչ թե յուրաքանչյուր 6 ամիսը մեկ բարձրացնել կամ իջեցնել այն՝ բնակչությանը գցելով հոգեբանական ծանր վիճակի մեջ»,- նշել է Մեսրոպյանը։

Նա չի մեկնաբանել Նարեկ Կարապետյանի այն հայտարարությունը, թե հեռացված սերվերները վերականգնվել են։

«Ես հայտարարել եմ այն, ինչ հայտարարել եմ, և պատասխանատու եմ իմ խոսքերի համար։ Թե ինչպես են արձագանքում իմ յուրաքանչյուր բառին Նարեկ Կարապետյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին մյուս գործընկերները, իրենց գործն է։ Կապրենք՝ կտեսնենք, թե ով է ճիշտ խոսում, ով՝ սուտ, ով է մարդկանց մոլորության մեջ գցում, և ով է իրականում մտածում պետության ու էլեկտրաէներգիայի իրական սակագնի մասին։ Ժամանակը ցույց կտա»,- հավելել է Մեսրոպյանը։