Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե մանդատները դնելը ինչ է տալու, հետո այդ նույն մարդիկ չեն ասելո՞ւ՝ դա փախուստ էր այս դահլիճում հարցերը բարձրացնելուց, կռվելուց, մեր ընդհանուր նպատակները հետապնդելուց։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մանդատ լինելը մեզ համար կլիներ ամենահեշտ քայլը, որովհետև այս միջավայրում գտնվելով, մեր արժանապատվության, մեր առողջության հաշվին մեր խմբակցությունը փորձում է բոլոր ձևերով պայքարել»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ շատերն ասում են՝ գալիս եք այստեղ ծեծ եք ուտում, գնում տուն, Սաղաթելյանն ասաց. «Դե գլուխները պատին են տալիս, էդ ասողները թող վաբշե իրենց չափն ու ձևը իմանան։ Ես կարող եմ բերել 30 պատճառ մանդատները վայր չդնելու, բայց հակառակի երեք հիմնավոր պատճառ չեն կարող բերել նրանք, որոնքասում են՝ մանդատները դրեք։ Մի ժամանակ ասում էին՝ դրեք, խորհրդարանը կլուծարվի, հետո հասկացան, որ չի լուծարվելու։ Այս երկրում ինչ նման հարցերով այլևս վաղուց ճգնաժամ գոյություն ունի և դրանով պայմանավորված չի։ Եթե մենք գտնեինք դա մեր նպատակներին հասնելու ավելի արդյունավետ ճանապարհ է՝ կանեինք»։
Ինչ վերաբերում է նրան, թե ՀՅԴ–նն ինչ ձևաչափով է մասնակցելու 2026–ի ընտրություններին, Սաղաթելյանն ասաց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել. «Առաջիկայում մեր կուսակցության գերագույն ժողովը ընտրությունների մասնակցության ձևաչափի հարցը կքննարկի և այդ մասին հայտարարության կանենք, այս պահին դաշինքը գործում է լիարժեք փոխըմբռնման և փոխլրացման մթնոլորտում»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երկրորդ և երրորդ նախագահների փոխկապակցված ուժերը այլևս Ազգային ժողովում չպետք է լինեն, Սաղաթելյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանին մեծ հուսախաբություն է սպասվում, չի կարող այդպես լինել ու ինքը չի որոշում, ինքը շատ փոքր մարդ է, որ որոշի։ Ես էլ կարող եմ վստահեցնել, որ ինքը չի լինելու»։











