Երբ անընդհատ հայտարարում ենք, որ միջին աշխատավարձն աճել է, դրանից հարց է ծագում՝ սա նշանակում է, որ մարդիկ լա՞վ են ապրում. միանշանակ այո, մարդիկ լավ են ապրում, բայց ո՞ր մարդիկ են լավ ապրում, սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան բազմաթիվ մարդիկ, որ կամ ավելի լավ չեն ապրում, կամ նույնիսկ ավելի վատ են ապրում, բայց մենք պետք է ի վերջո առերեսվենք, ո՞ր մարդիկ են ավելի լավ ապրում։ Այն մարդիկ, որոնք իրենք իրենց վրա աշխատում են։ Հայաստանում մեծ գումարներ են պտտվում, երեկ ես տեղեկանք եմ ստացել Կենտրոնական բանկից և այս տարի 1,5 մլրդ միլիոն դոլարի գնում են իրականացրել։ ԿԲ–ն 1.5 մլրդ դոլար է գնել Հայաստանի շուկայից։ Սա նշանակում է, որ  1,5 միլիարդ դոլարը մտել է Հայաստան, հայտնվել է շուկայում, և կենտրոնական բանկը տեսել է ավելցուկ և գնել է։ Այսինքն այս 1.5 միլիարդը դարձել է դրամ և վերադարձել է շուկա։

Հիմա Հայաստանում պլյուս 1.5 միլիարդ դոլար է պտտվում, պետք է մարդկանց մեջ զարգացնել կարողությունը, էս 1.5 միլիարդ դոլարից իրենց բաժինը վերցնել։ Բազմաթիվ տնտեսվարողներ իրենց բաժինը վերցնում են իրենց կրթության շնորհիվ։

Մարդ կա, էս 1.5 մլրդ դոլարը այ սենց դեմով անցնում է, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Ինչի՞ ոչ մի բան չի փոխվում իր կյանքում, որովհետև մարդը չունի անհրաժեշտ հմտություն։

Պատկերացրեք նստած է որևէ տեղ, կամ կանգնած է, այդ միլիարդները դեմով անցնում են ու  էդ մարդը ավելի վատ է ապրում։ Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, որ այդ միլիարդ դոլարի իր բաժինը ունենա։ Դրա միակ ձևը կրթությունն է։ Ինչ ուզում եք արեք, ուզում եք այդ մեկ ու կես միլիարդից կեսը խողովակով մտցնենք իրենց տուն, մեկ է իրենց կյանքում բան չի փոխվելու, որովհետև այդ փողը ծախսելու համար էլ է պետք հմտություն»,– ընդգծեց Փաշինյանը։