Հայ ժողովրդի այս ճնշումից հետո վերաքննիչ դատարանով հաստատ փոփոխություն լինելու է, բոլորն այդ կարծիքի են, որովհետև այս ճնշմանը չէին կարող դիմանալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լիդյա Մաթաշյանը, որի կալանքի որոշումն այսօր փոխվեց։
«Ես անկեղծ, շատ բան չգիտեմ, մի մասին եմ ծանոթ այդ գրառումների, ակցիաների, ես չեմ իմացել շատ բաների մասին, շնորհակալ եմ բոլոր այն արժանապատիվ հայերին, որոնք ոչ թե իմ կողքն են կանգնել այսօր, այլ փորձում են այնպես անել, որ Հայաստանում արդարադատության համակարգը չկործանվի վերջնական արդյունքում։ Որ ասում են՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, հիմա այդ նույնը եղավ ու շատ սպոնտան ինչ-որ բաներ եղան։ Ես անկեղծ հուզվել եմ շատ, երբ իմացել եմ, թե ինչեր են անում։ Ու դա կախված չի իմ անձի հետ, մարդիկ ինձ չեն ճանաչում»,–ասաց նա։
Անդրադառնալով քրեական վարույթին, Մանթաշյանն ասաց. «Ցանկացած մարդ, ով կարդում է այդ գործը, հասկանում է, որ այնտեղ ահաբեկչության տարր չկա։ Ուղղակի պատժում են այն մարդկանց, որոնք այլախոհ են, որոնք կարող է դուրս գան պայքարի իրենց դեմ։ Սա պատժի ձև էր։ Մեզ ապօրինի պատժում էին մեր քաղաքական հայացքների համար։ Նույնիսկ քրեական գործի մեջ գրել էին, որ Լիդյան գաղափարական թշնամանք ունի գործող իշխանությունների նկատմամբ, այդ պատճառով խնդրում ենք տանել 2 ամիս կալանքի, հետո հասկացան, որ դա իրենց դեմ է աշխատում, սկսեցին այդ ձևակերպումը չօգտագործել։ Սա է պատճառը, ուրիշ բան չկա»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվեց. դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր երեք ամսով երկարացնել գործով անցնող միակ կնոջ՝ Մանթաշյանի կալանավորման ժամկետը, թեև մյուս մեղադրյալների խափանման միջոցներն առավել մեղմացվել էին։
Այս գործով 18 մեղադրյալ կա։ Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։











