Եգիպտոսում շարունակվում են հուզումները, որոնք սկսվել էին Պորտ Սաիդում ֆուտբոլային խաղի ընթացքում տեղի ունեցած ահավոր ողբերգությունից հետո: Կահիրեում փետրվարի 3-ի գիշերը ոստիկանության հետ ցուցարարների բախման հետեւանքով տուժել է ավելի քան 600 մարդ: Սուեցում ոստիկանությունն սպանել է 2 ցուցարարների:

Մայրաքաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել ներքին գործերի նախարարության շենք, սակայն կանգնեցվել են արցունքաբեր գազով: Ի պատասխան` ցուցարարները ոստիկանների վրա քարեր են շպրտել:

Ցուցարարները կրկին բողոքում են Գերագույն ռազմական խորհրդի դեմ, որը երկրում իշխանության ղեկին է գտնվում:

Պորտ Սաիդում տեղի ունեցած անկարգությունների պատասխանատվությունը, երբ ֆուտբոլային խաղից հետո, ըստ ճշտված տվյալների, 79 մարդ է մահացել, նրանք բարդում են անգործունակ ոստիկանության վրա:

Թահրիրի կենտրոնական հրապարակում նորից հայտնվել է ցուցարարների վրանային քաղաքը, գրում է gazeta.ru-ն:

Պորտ Սաիդում արյունահեղությունից հետո երկրում եռօրյա սուգ է հայտարարված: Հաղորդվում է մի քանի պաշտոնյաների ձերբակալման եւ աշխատանքից ազատվելու մասին: Իշխանությունները խոստացել են մանրամասն հետաքննել ողբերգության հանգամանքները եւ հայտնաբերել մեղավորներին: