Արշակ Սրբազանն ասում է, որ այդ տեսանյութն իր հետ կապ չունի, բայց նախորդ իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասում էր, որ տեսանյութում ինքն է, բայց բովանդակության հետ կապված հարցեր ունի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին հանդիպած հոգևորականների մասին փաստեր կան, որ նրանք Բենթլիներ ու Համերներ, տարբեր բիզնեսներ ունեն, ճոխ կյանքով են ապրում,  զավակ ունեն, բայց վարչապետը նույն ձևով չի արձագանքում նրանց, ավելին այդպիսի հոգևորականներով ուզում է հեռացնել մեկ այլ հոգևորականի, արդյոք դա ընդունելի է, Հրաչյա հակոբյանն ասաց. «Ձեր հարցից ևս մեկ անգամ մենք բոլորս համոզվում ենք, որ եկեղեցու ներսում, այո, կան և գոյություն են ունեցել խնդիրներ։ Եվ պետք է եկեղեցու ներսում մաքրման աշխատանքներ արվեն։

Վարչապետը այս մարդկանց հետ քննարկում է ունեցել, որովհետև նախորդիվ այդ հոգևորականները գրառմամբ հայտարարությամբ հանդես են եկել։ Ինչու՞ եք որոշում, որ այս մարդկանցով մաքրում է եկեղեցին։ Իսկ ո՞ւմ հետ քննարկում անի, եթե 9 կամ 10 եպիսկոպոսներով և արքեպիսկոպոսներով հայտարարություն են արել, եթե մնացածը չեն արել այդ հայտարարությունը, ում հետ հանդիպի, քննարկի։

Եթե ինքը արել է մի հայտարարություն և 10 եպիսկոպոս և արքեպիսկոպոս, չասեմ նույնաբովանդակ, բայց այդ թեմայի հետ կապված նույնպես արել են հայտարարություն, բա ու՞մ հետ հանդիպի։ Գնա հանդիպի այն մարդկանց հետ, որոնք ասում են, որ եկեղեցու ներսում որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմա՞լ է։ Բայց դուք էլ եք տեսնում, որ եկեղեցու ներսում կան բազմաթիվ խնդիրներ։

Մինչև այդ ասում էիք՝ «ֆեյք պատարագ», «կարգալույծ արված հոգևորականի կողմից մատուցող պատարագ»։ Հիմա սկսեցին գործող հոգևորականներ պատարագ մատուցել, հիմա էլ ասում եք՝ այդ մարդկանց հետ է մաքրելո՞ւ եկեղեցին։ Բա ում հետ մաքրի։

Երբ ասում էիք՝ «ֆեյք պատարագ», այդ ժամանակ ընդհանրապես որևէ մեկը չէր միացել, մենակ Տեր Արամն էր կարգալույծ արվել, հետո 10 եպիսկոպոս արքեպիսկոպոս միացան։ Հիմա ասում եք՝ չեն միանում։ Մի շաբաթ հետո, 10 օր հետո ևս հինգ եպիսկոպոս արքեպիսկոպոս միանան, կսկսեն արդեն այդ մարդկանց էլ անվանարկել ու այդպես շարունակ։ Այս ամեն ինչը մի բանի մասին է, որ մենք եկանք այն համոզմունքի, որ այո, եկեղեցու ներսում բարձրաստիճան հոգևորականների հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, և այս ձեր հարցերը վկայակոչում են հենց դրա մասին»,–ասաց նա։