Տևական ժամանակ, ինչ պատգամավորական մանդատս վերցրել եմ շուրջ երեք տարի, ես առաջին իսկ օրվանից խոսել եմ քրեակատարողական հիմնարկներում տարաբնույթ խնդիրների մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Առողջապահական ծառայության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող մեր հայրենակիցները իրավունք ունեն պատշաճ բուժօգնություն ստանալու։ Քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունների հետ կապված բավականին խնդիրներ կան, և ես նաև հուսով եմ, որ այս քննարկումը դրական արդյունք կտա։
Կոնկրետ այս քննարկումը կապված է նրա հետ, որ մեկ տարվա ընթացքում 23 մահվան դեպք է եղել ՔԿՀ–ներում։ Սա սարսափելի ցուցանիշ է։ Մենք պիտի պատշաճ քննություն անցկացնենք, պետք է սկսենք այդ խնդիրների հետ կապված առարկայական քննություն և նաև այդ բարելավման աշխատանքները պիտի քրեակատարողական հիմնարկներում տարվեն։ ՔԿՀ–ները գերծանրաբեռնված են, դա նաև կապված է քաղաքական գործերով ազատազրկվածների թվի հետ»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ են կալանավորները դիմում ինքնավնասման, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Տարաբնույթ են պատճառները։ Անկախ ամեն ինչից, պիտի և 23 դեպքերը, և դրան նախորդած բոլոր դեպքերը պատշաճ քննության, ուսումնասիրության ենթարկվեն։ Քրեակատարողական հիմնարկներում գտնվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի պատշաճ բուժօգնության, իր դեղորայքները ստանալու, համապատասխան բուժզննություն անցնելու, բանտային պայմանների նորմալ բանտային նորմալ պայմաններ ունենալու։ Այս ամեն ինչը այսպես կոմպլեքս մոտեցում է, մեկ հանգամանքով պայմանավորված չի, հանգամանքները բազմաթիվ են»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ՔԿՀ–ներում մահվան դեպքերից մեկով անձը ունեցել է առողջական խնդիրներ, բարձրաձայնել է այդ մասին, ահազանգել է, բայց պատշաճ բուժօգնություն չի ստացել, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Ես պարբերաբար այս խնդիրների մասին և հրապարակայնորեն, և ոչ հրապարակայնորեն բարձրացնում եմ։ Ես ուրախությամբ պիտի նշեմ, որ մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իմ բարձրացրած հարցերին վերջին մի քանի ամիսների ընթացքում պատշաճ վերաբերմունքի արժանացնում է։ Այլ օղակների վերաբերյալ նույնը չեմ կարող ասել։ մենք ակնկալում ենք խնդիրների համապարփակ լուծումներ, ոչ թե մենք խնդիրը բարձրաձայնենք և դա դառնա հերթական վիճակագրությունը։
Մարդը ամիսներ շարունակ չպիտի հերթագրվի, և սպասի, թե երբ պիտի իր հերթը գա, որ դեղ ստանա։ Մենք չպիտի հասցնենք էն վիճակին, երբ որ որ արդեն մարդու վիճակը ծայրահեղ ծանր լինի և անդառնալի հետևանքներ լինեն, նոր գնանք էդ դեպքերի հետևից»։











