Queen ռոք խումբը նոր վոկալիստի մասին է հայտարարել: Թափուր տեղի համար հրավիրվել է երիտասարդ փոփ երգիչ Ադամ Լամբերթը` ամերիկյան American Idol հեռուստաշոուի հաղթողը: Երգիչը կմասնակցի խմբի ամառային շրջագայությանը: 2012 թվականի գարնանը Queen խումբը համերգների շարք է կազմակերպելու նրա մասնակցությամբ, խոսակցություններ կան նաեւ համատեղ ձայնագրման մասին:
«Իմաստը Ֆրեդիի եւ խմբի նկատմամբ հարգանքի տուրք մատուցելն է` կատարելով մի քանի հզոր, ապշեցուցիչ երգեր: Ես ցանկանում եմ երաժշտությունը ողջ պահել եւ նրան էներգիա հաղորդել, որով Ֆրեդին կհպարտանար», - հայտարարել է Լանբերթը:
Լամբերթն արդեն Բրայան Մեեմի եւ Ռոջեր Թեյլորի հետ համատեղ աշխատանքի փորձ ունի 2009 եւ 2011 թվականներին: Այժմ Ադամ Լամբերթը հայտարարել է խմբի հետ համատեղ շոուի մասին, որի ընթացքում եռյակը կհայտնվի Նեբուորտում, որտեղ 1986 թվականին տեղի էր ունեցել Queen-ի վերջին ելույթը Մեկուրիի հետ: Contactmusic-ը հայտնում է, որ ամռանը Queen խումբը Եվրոպայում Sonisphere փառատոնի առաջատարն է լինելու:
Հիշեցնենք, որ լեգենդար Ֆրեդի Մերկուրիին (կյանքից հեռացել է 1991 թվականի նոյեմբերին) փոխարինող փնտրում էին 13 տարվա ընթացքում: Bad Company-ի առաջնորդ Փոլ Ռոջերսը մնացել է բոլորից շատ. նա 3 տարի ելույթ է ունեցել որպես Queen խմբի վոկալիստ: Սակայն 2009 թվականին Ռոջերսը հեռացել է խմբից` հայտնելով, որ ցանկության դեպքում Մեյը եւ Ռոջերսը հիանալի կարող են առանց վոկալիստի էլ շարունակել, գրում է zvuki.ru-ն:











