Բազմաթիվ տարածքներ կան, որոնք սեփականաշնորհվել են անհատներին կամ իրավաբանական անձանց, բայց դրանք գտնվել է լճի մակարդակի թուլատրելի նիշից ներքև։ Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա թվարկեց որոշ գույքեր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Եթե հնարավոր է, կարո՞ղ եք մեզ և հանրությանը տեղեկացնել այդ ֆիզիկական անձանց անունները, որոնց հետ փոխկապակցված են այդ իրավաբանական անձինք, որովհետև կարծում եմ որ դա պակաս կարևոր չէ։ Թեև միգուցե մենք գուշակում ենք դա որ գույքերին է վերաբերում բայց կարծում եմ ճիշտ կլինի, որ նաև հնչեցնենք մեր, չակերտներով ասած, հերոսների անունը»։
Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշեց. «Գույքերը պատկանում են նախկին և ներկա պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բնականաբար հայտնի գույքեր են։ Մեկը Հարսնաքարն է, մեկը նախկին փոխոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունն է, մի մասը զրո նիշից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում։
Իհարկե, այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ։ Այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։
Առանձնատունը, որի մասին նշեցի ևս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք ևս, որը պատկանում է իրավաբանական անձին։ Ուղղակի փոքր էր գույքը՝ 50 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձի, որը բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին օղակի պաշտոնատար անձ է»։
Այս հայտարարությանն անմիջապես հետևեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի առաջարկը` գումար տրամադրել իրենց համայնքին, որպեսզի կարողանան քանդման այդ աշխատանքներ իրականացնել։
Ի պատասխան Վարդապետյանը նաև մի նկատառում արեց` այդ տները թեև թե էսթետիկական տեսքի, թե ֆունկցիոնալության տեսանկյունից ենթակա են քանդման, սակայն կարծում է, որ այդ գույքերը կարող են ունենալ տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ։
«Դրա համար կառավարությունը պետք է հստակեցնի, թե որ դեպքերում են գույքերը ենթակա միանշանակ քանդման և որ դեպքում բացառիկ դեպքերով տրամադրվեն, օրինակ` պաշտպանության նախարարությանը, առողջապահության, շրջակա միջավայրի նախարարություններին»,– նշեց Վարդապետյանը։
Այդ նպատակով նա առաջարկեց ավելի ընդլայնված քննարկում իրականացնել, ներգրավել նաև իրենց, քանի իրավական դուալիզմ կա այստեղ. մի կողմից ինքնակամ կառույց են ու որպես դատախազ` իր կարծիքով` դրանք պետք է հողին հավասարացվեն` դրանով ցույց տալով, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի չի կարող լինել։ Մյուս կողմից այդ գույքերը կարող են ծառայել հանրօգուտ նպատալների համար։











