Ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, մենք ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական սիստեմ, երբ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ ունենք հստակ ընթացակարգ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՔՊ–ում առաջիկա ընտրություններին ընդառաջ նախընտրական ցուցակ կազմելուն։

«Կուսակցականները, ի դեպ, նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց թեկնածությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է թեկնածուների հետ, ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացվում է թեկնածուների գրանցում։  300-ից ավելի մարդ է դիմել»,–ասաց նա։

Հարցին՝ ինչ հարցեր են տրվում պոտենցիալ թեկնածուներին, Ռուբինյանը պատասխանեց. «Հիմնականում բարեվարքության հետ կապված հարցեր։ Միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է թեկնածուներին գրանցել, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը։ Գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմը, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ թեկնածուն հաղթահարում է գրանցվելու և քվեարկությանը մասնակցելու համար»։

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք այդ հարցերով որոշում են Նիկոլ Փաշինյանին նվիրվածության չափը, կամ կաթողիկոսի դեմ պայքարելու պատրաստակամությունը, ԱԺ փոխխոսնակը նախ ասաց, որ կաթողիկոսի հարց ընդհանրապես չի քննարկվում, ապա շարունակեց. «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ, ՔՊ–ում մարդիկ կարող են տարբեր կարիծքներ ունենալ»։

Ճշտող հարցին՝ արդյոք ՔՊ–ում կարող են Նիկոլ Փաշինյանի ասածը չանել ու մնալ կուսակցական, և Հովիկ Աղազարյանը դրա վառ օրինա՞կն է, Ռուբինյանը հավաստիացրեց, որ այո, դա հնարավոր է. «Իսկ Հովիկ Աղազարյանը վառ օրինակ է մարդու, որը ներկուսակցական լուրերը, փակ տեղեկատվությունը հայտնել է լրատվամիջոցներին»։ Նա կրկնեց, որ ՔՊ–ում մարդկանց չեն չափում Փաշինյանին նվիրվածությամբ»։