Հայաստանում Չինաստանի դեսպանատանը դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ դեսպանության դրամաշնորհային ծրագրի այս տարվա հաղթողների պարգեւատրման արարողությունը։ Պատվոգրեր ստացան չինարեն դասավանդող ուսուցիչներ, դասախոսներ, ինչպես նաեւ բարձր առաջադիմությամբ աչքի ընկած՝ չինարեն սովորող ուսանողներ ու դպրոցականներ։  

Միջոցառման մասնակիցներին բեմահարթակից ողջունեց նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։ 

«Չինարենն աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկն է, Բայց չենք մոռանում նաեւ, որ հայերենը նույնպես ամենաբարդերից է, եւ եթե դուք տիրապետում եք հայերենին, ապա չինարենի ուսումնասիրությունը ձեզ մոտ շատ լավ կստացվի։ Նաեւ ցանկանում նշել, որ աշխարհում մեկ ու չորս միլիարդ չինացի կա եւ բոլորը խոսում են չիներեն։ Սովորելով չինարեն, դուք բացում եք դուռ դեպի Չինաստան, դեպի չինական մեծ շուկա։ Եվ վստահ կարող եմ ասել, որ հետագայում  աշխատանք փնտրելու հարցում դա շատ մեծ առավելություն կլինի ձեզ համար»,– նշեց դեսպանը։ 

Այս տարի հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի են տեղափոխվել, երկու երկրները ռազմավարական գործընկերություն են հաստատել՝ մեծացնելով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։ 

Կրթական ոլորտում համագործակցությունը հայ-չինական օրակարգի առաջնահերթություններից է։ Հայաստանում չինարենի ուսուցումը խթանվում է պետական մակարդակով։ Մշակութային, կրթական ծրագրերը մեկ նպատակ ունեն՝ միմյանց մոտեցնել դարավոր բարեկամության պատմություն ունեցող երկու ժողովուրդներին։ Դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաեւ ԿԳՄՍՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։  «Կրթությունը կարեւոր դեր է խաղում համագործակցության խորացման, փոխադարձ ըմբռնման եւ մեր ժողովուրդների միջեւ կայուն կապերի կառուցման գործում։ Այս համատեքստում համագործակցությունն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլեւ մշակույթի, պատմության, եւ ընդհանուր արժեքների ճանաչման բանալին»,– իր խոսքում նշեց նա։
Հայաստանում չինարենը որպես երրորդ լեզու դասավանդվում է մոտ մեկ տասնյակ ուսումնական հաստատություններում՝ բուհեր, հանրակրթական դպրոցներ։ Թե նման հաստատությունների, թե չինարենով հետաքրքրվողների թիվը Հայաստանում ավելանում է տարեց տարի։


Դիանա Առուշանյան