Ի վերջո, Ռուսաստանը մեզնից ձեռք կքաշի, դա իմանալով, թուրքերն ու ադրբեջանցիները մեր հերը կանիծեն, Եվրոպան էլ մի հատ «օֆ» չի անի, ղզիկ հայտարարություններ կանի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը։

«Ես այնքան եմ ուզում հավատալ, որ Հայաստանի իշխանությունները խելքները գլուխները կքավաքեն ու կսկվեն, կմնան։ Այդ դեպքում կարող է պլստանք, թե չէ պլստալու շանս էլ չկա։ Հայաստանը դառնալու է ադրբեջանական պետության բաղկացուցիչ մասը։ Ռուսները կպայքարեն և կփորձեն թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա Ադրբեջանի մաս։ Հայաստանի իշխանությունը փոխանակ դա հասկանա, փոխանակ ասի՝ ես քեզ օգնության ձեռք եմ մեկնում, որովհետև դու ուզում ես ինձ ուժեղանցնես, ասում է՝դու իմ դեմ հիբրիդային պատերազմ ես վարում։

Մեր գոյության մեջ շահագրգիռ է մի հատ Ռուսաստան և մեր չգոյության մեջ շահագրգիռ է մի հատ Թուրքիա։ Մնացածը մեջտեղում «մուտիլովկեք» են անում, Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում, Ամերիկային էլ չի հետաքրքրում, ռեսուրս չկա։ Ադրբեջանը հետաքրքրում է, և ռեսուրս կա։ Ադրբեջանը միանալով Թուրքիային կաշխատի և՛ Ռուսաստանի դեմ, և՛ Չինաստանի դեմ, և՛ Իրանի դեմ»,–ասաց Բագրատյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ պետք է հարևանների հետ լեզու գտնել, ոչ թե ամեն անգամ վազել Ռուսաստանի գիրկը, որը ոչ էլ օգնում է, նա ասաց. «Դե լեզու գտեք, ամիսը մեկ Ալիևը հայտարարում է, որ ձեզ մի օր կգրավեմ։ Միթե իշխանությունը չի հասկանում, որ Ալիևը չի ուզում, որ այս պետությունը լինի, որի հետևում կանգնած են և Թուրքիան, և Իսրայելը»։

Անդրադառնալով «Թրամփի ուղուն» նախկին վարչապետը նկատեց, որ այն ամբողջությամբ ուղղված է Ռուսաստանի դեմ. «Ռուսներն ասում են՝ էս ի՞նչ միջանցք եք սարքել, եթե միջանցք էիք սարքում, ինչի՞ համաձայն չէիք ինձ հետ։ ԵԱՏՄ տարածքում ի՞նչ ես միջանցք սարքում, Նիկոլ Փաշինյան, ու հետո գալիս ես Մոսկվա, ասում ես՝ ԵԱՏՄ պիտի մնամ։ Դուրս արի ԵԱՏՄ-ից, դրանից հետո գնա Թրիփ արա, ինչ ուզում ես արա։

Գրել եք ինքնիշխանություն, բայց ակնհայտ է, միջանցքից միջանցք է, բայց Հայաստանը կապ էլ չունի դրա հետ։

Ու հիմա, երբ Իրանի հետ հարաբերությունները սրվեցին, պարզ է, որ TRIPP–ի այն տարբերակը կընտրվի, որ քեզ չեն թողնի Իրան գնաս։ Այստեղ ստեղծում են բարիերներ։ Հիմա Ռուսաստանը չի կարող թույլ տալ դա։ Մենք զոռով Ռուսաստանին ասում ենք, դե եկեք այստեղ կռիվ արեք, կրակեք։ Ո՞ւմ վրա, Ամերիկայի կամ իրենց ներկայացուցիչների, կամ ադրբեջանցիների, ու՞մ վրա, հայերի։ Ռուսաստանը այդ ծրագիրը թույլ կտա միայն այն դեպքում, եթե ինքը դրա մասը դառնա, երբ իր մաքսային ծառայությունը այնտեղ վերահսկողություն իրականացնի և փողերն էլ գանձեն ընդհանուր ֆոնդի մեջ։ Այսինքն նոյեմբերի 9–ի 9–րդ կետը իրականանա»,–ասաց նա։