Մենք կշարունակենք աշխատել այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողքին՝ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ մի կողմից, այս համաձայնագիրը հսկայական հնարավորություններ է ստեղծում՝ այն վերջապես բացում է Հայաստանը բիզնեսի համար, հնարավորություն է տալիս նրան տնտեսապես զարգանալ և նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանք ապահովում։
Բացի դրանից, ինչպես նշել է Մարկո Ռուբիոն, համաձայնագիրն ավելի է ամրապնդում երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, որոնք շարունակում են ամրապնդվել նման պայմանավորվածություններիի շնորհիվ։
«Դա արդյունքում կդառնա տիպարային օրինակ, թե ինչպես բացվել տնտեսական ակտիվության և բարգավաճման համար՝ առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կամ խաթարելու ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք կարծում ենք՝ դա օգտակար կլինի Հայաստանի, Միացյալ Նահանգների և բոլոր կողմերի համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-14-ը աշխատանքային այցով կլինի Միացյալ Նահանգներում։
Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և TRIPPP-ի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունում։











