Նախորդ տարվա ապրիլի 23-ին Էջմիածնում դաժանաբար սպանված Պարգև Հակոբյանի գործը դատարանում է։ Հունվարի 20-ին սպանված երիտասարդի գործով առաջին դատական նիստն էր։
NEWS.am-ի հետ զրույցում Պարգևի մայրը՝ Աիդա Գրիգորյանը, պատմեց, որ դժգոհ է գործում դրված հոդվածից։
Ըստ նրա՝ արարքը որակվել է խուլիգանություն, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, այնինչ, ըստ մոր, դատաբժշկի փորձաքննության եզրակացությամբ՝ արարքը դիտավորյալ սպանություն է եղել։
Սպանության մեջ մեղադրվողները տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցու սպանած Արման Առաքելյանի որդիներն են։ Արման Առաքելյանը Ռուսաստանում 18 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն 2021-ին նրան տեղափոխել են Հայաստան՝ պատիժը կրելու։
«Սա հասարակ խուլիգանություն չէ, ոնց որակել են։ Որդիս որևէ առնչություն չի ունեցել Առաքելյան եղբայրների հետ։ Ապրիլի 23-ին ընկերը զանգեց, 15 րոպեով դուրս եկավ ու հետ չվերադարձավ։ Անձրևաջուրը թռել է Գուրգեն Առաքելյանի մեքենայի վրա, որի պատուհանը բաց է եղել։ Որդիս ոչ մեկին ոչ հայհոյել է, ոչ լկտի պահվածք ցուցաբերել։ Թե հիմա Գուրգեն Առաքելյանը ոնց է իրեն պահել, որդիս ընդամենն ասել է՝ դե անձրև ա, պատուհանդ փակ պահիր։ Թե ինչն է դրդել եղբայրներին, որ հասնեն 7-րդ դպրոցի պուլպուլակի մոտ, որդուս ծեծելով սպանեն, դա արդեն իրենց խղճին է։ Գնալու եմ մինչև վերջ, արդարություն եմ ուզում, օրենքի առաջ բոլորս հավասար են։
Տեսագրությունները կան, որդիս ծնկի իջած է, փորձում է վեր կենալ, նրանք հետ են գալիս ու շարունակում խփել։ Գրված է՝ 4-5 հարված՝ բութ գործիքով, որից էլ վրա է հասել մահը»։
Մայրը պահանջում է, որ մեղավորներն ամենախիստ ձևով պատիժ կրեն։ Նրա խոսքով՝ ամբաստանյալների պաշտպանները միջնորդում են ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով, ինչը դատարանը մերժել է ու երկարաձգել ևս 3 ամսով։
Մանրամասները՝ տեսանյութում։











