Հոլիվուդի հռչակավոր Փառքի ծառուղում հայտնվել է Փոլ ՄըքՔարթնիի երկար սպասված աստղը: Նա բրիտանական լեգենդար Beatles քառյակի անդամներից վերջինն է այդ պատվին արժանացել:
Խումբը Փառքի ծառուղում հիշատակվել է 1998 թվականին` կազմալուծվելուց 25 տարի անց: Ջոն Լենոնի եւ Ջորջ Հարիսոնի աստղերը բացվել են հետմահու: Ռինգո Սթարն էլ նշվել է 2010 թվականին:
«Ինձ մոտ ոչինչ չէր ստացվի, եթե այդ երեք տղաները չլինեին: Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Շնորհակալ եմ ձեզ` Ջոն, Ջորջ եւ Ռինգո», - հայտարարել է 69-ամյա ՄըքՔարթնին: «Լիվերփուլում, երբ մենք դեռ երեխաներ էինք եւ լսում էինք Բադդի Հոլին եւ ռոքնռոլի այլ հսկաների, ես անգամ պատկերացնել չէի կարող, որ կգա մի այնպիսի ժամ, որ ես կունենամ իմ աստղը Փառքի ծառուղում: Այն ժամանակ դա անիրական էր համարվում», - ասել է երաժիշտը:
Լոս Անջելեսում նրան ողջունելու էին հավաքվել հարյուրավոր երկրպագուներ եւ հյուրեր` ներառյալ Էլվիս Կոստելոն եւ ռոքեր Նիլ Յանգը: Քալիֆորնիայի նահանգում բնակվող Ռինգո Սթարը չի կարողացել գալ ուժեղ մրսածության պատճառով:
ՄըքՔարթնիի աստղը տեղակայված է մյուս «բիթլզների» կողքին: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին ԱՄՆ-ում «լիվերփուլյան քառյակի» ելույթի 48-րդ տարեդարձի օրը: Անգլիացիները հեռուստատեսությամբ ելույթ են ունեցել «Էդի Սալիվանի շուո» հաղորդման ընթացքում` Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում իրենց շլացուցիչ հաջողության հիմքը դնելով:
Լոս Անջելեսում սըր Փոլի օրակարգը լրացված է ժամերով եւ րոպեներով: Անմիջապես աստղի բացման արարողությունից հետո սկսվել է ձայնագրության արարողությունը, այնուհետեւ Արվեստի եւ ձայնագրման տեխնիկայի Ազգային ակադեմիայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, գալա-համերգ եւ բարեգործական միջոցառումների շարք: Կարճ շրջագայության գագաթնակետը կդառնա փետրվարի 12-ի ելույթն ամենամյա Grammy երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:











