Կալանքի շարունակականության դեպքում դատարանը յուրաքանչյուր անգամ առաջին հերթին ստուգում է, թե նախորդ կալանավորման որոշումից հետո ի՞նչ ռիսկեր են արձանագրվել, արդարացված է եղել արդյոք այդ ռիսկերը, ինչու՞ է անձը մնացել կալանավորված, այդ անհրաժեշտությունը ինչով է պայմանավորված։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26–ին, Մկրտիչ Սրբազանի գործի քննության ժամանակ նշեց նրա պաշտպաններից Ռոման Ահարոնյանը։
«Գործի նյութերում կա, որ առաջին իսկ կալանքից սկսած ունեցել ենք խոչընդոտման մեկ հիմք՝ խոչընդոտելու հավանականությունը։ Դրա հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաների վրա ազդեցությունը և այլն։
Այսօրվա տեսնում ենք, որ արմատապես փոխված է իրավիճակը։ Նախ ուզում եմ արձանագրենք, որ նախորդ կալանքում մեղադրանքի կողմը չարաշահել և կորզել է դատարանից կալանքը՝ դատարանին, այսպես ասած, խաբելով։ Նշվել է, որ ապացուցման փուլում բազմաթիվ վկաներ կան, որոնց պիտի հարցաքննեն և կալանքը պայմանավորված է եղել հենց դրանով, սակայն կալանքից ինը օր հետո գործը փակվել է և ուղարկվել է դատարան։ Եվ դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել։
Ստացվում է, որ մենք խաբում ենք դատարանին, ասում ենք՝ գործ ունենք անելու, կորզում ենք կալանքը, հետո հանգիստ շունչ քաշելով նստում ենք, կարծես ոչինչ չի եղել»,–ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա նյութերով ակնհայտ է, որ որևէ վկայի հարց չկա։
«Այսօր սրբազանը գտնվում է ապօրինի կալանքում, որովհետև ռիսկերը արդարացված չեն եղել, դատակոչված չի ոչ մի վկա, որոնց վրա ապօրինի ազդեցությամբ էր ենթադրվում կալանքի հիմքը: Բա ու՞ր են այդ վկաները։
Մեղադրողն ասում է՝ ապացույցներ հետազոտելուն կխոչընդոտի։ Իմ գնահատմամբ լուրջ չէ մտածել, որ տուժողների վրա սրբազանը կարող է ազդեցություն գործել: Այնպիսի տուժողների, որոնք վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության հովանավորությունը, մեդիա դաշտում բարձրազույցներ են տալիս, իրենց դիրքորոշումները անկաշկանդ հայտնում են: Նույնիսկ կարգալույց լինելուց հետո շարունակում են հակաեկեղեցական վարք դրսևորել: Ու հանկարծ մենք ասում են՝ սրբազանին պալանավորեք, որ հանկարծ չազդի տուժողի վրա, իսկապե՞ս:
Բցի այդ, դեռևս հոկտեմբերի 24-ից ու նոյեմբերի 10-ից տուժողների նկատմամբ կիրառված է հատուկ պաշտպանության միջոցը, իրենց, ընտանիքի անդամների ուղեկցում և այլն։
Պետությունը կիրառել է պաշտպանության միջոցը, այսինքն ծախս է արել բյուջեից, ոստիկաններ է տրամադրել, որ հսկեն այս մարդկանց։ Հետո ասում ենք՝ Սրբազանին կալանավորեք, որ հանկարծ Սրբազանը չազդի։ Այդ դեպքում այս պաշտպանության միջոցները ում են պետք»,– նկատեց պաշտպան Ահարոնյանը։
Ես գտնում եմ, որ ոչ մի կալանքի, այլև որևէ խափանման միջոցի կիրառման հիմք, այս պահին վերացված է։ Ունեինք ընդամենը մեկ հիմք, որ վկաների վրա կարող էր ազդեցություն գործել տեսականորեն, էն էլ իսպառ չկա, այս գործում ոչ մի վկա չկա։
Լուրջ չէ անգամ մտքի ծերով անցկացնել, որ հանկարծ կարող է Ստեփան Ասատրյանը կամ Արամայիս Կախմազյանը փոխեն իրենց ցուցմունքը՝ սրբազանից ազդելով։ Այս պահին որևէ խափանման ինչպիսին է չկա և անհապաղ կալանքը ենթակա է վերացման».– հայտարարեց նա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը մեկ ամսով երկարացրել է Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից 2 ամսով, այնուհետև ևս 2 ամով երկարաձգվել է կալանքը։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչված Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) և Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․Արամը)։











