Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ղարաբաղի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի, սակայն դատարանը կատարել է մի քանի կարևոր արձանագրում, որի մասին խոսելը ես շատ կարևոր եմ համարում և որի լուծաբանումը կարող է մեծ ուժ ունենալ նաև հետագա սերնդի համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շահրմանյանի պաշտպան Ռոման Երիցյանը։
Դատարանը նախևառաջ անվերապահորեն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ։ Երկրորդ, դատարանը հստակ արձանագրել է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, չնայած նշվածով չի արատավորվում, այնուամենայնիվ պատմության դասագրքում տեղ գտած տեղեկությունները ոչ ամբողջական են։ Ընդ որում, դատարանը հիմք է ընդունել հայցադրումին կից ներկայացված փաստաթղթերը, և նշել, որ հայցորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ։
Այսպես ասած, դատարանը ԿԳՄՍ նախարարության ուշադրություն է հրավիրել այս հանգամանքների վրա, և կարելի է ասած, առաջարկել էդ տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ, որովհետև դատարանը հստակ արձանագրում է, որ տեղեկությունները ամբողջական չեն արտացոլված նշված դասագրքում։
Երրորդ, դատարանի որոշմամբ հաստատվում է, որ Արցախի նախագահի կողմից կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը առոչինչ չէ։ Այսինքն անվավեր է հենց կայացման պահից, ընդ որում դատարանը հղում է կատարել և ներպետական և միջազգային իրավական ակտերին"
Մենք սպասելու ենք վճիռը օրինական ուժի մեջ մտնի, որից հետո դիմում ենք ուղղել կրթության նախարարությանը և խնդրելու ուշադրության առարկա դարձնել այն հանգամանքը, ինչ արձանագրվել է դատարանի կողմից, խնդրելով օրինակ պատմության դասագրքում մտցնել ամբողջական տեղեկություններ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը վիճարկում էր դասագրքում տեղ գտած «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» նախադասությունը։ Նրա դիտարկմամբ՝ այս մտքին նախորդող և հաջորդող նախադասություններն ու միտքն այնպես էլ ձևակերպված, որ ընթերցողի և աշակերտի մոտ սխալ ազդեցություն են թողնում։ Շահրամանյանի խոսքով՝ թեև նման հրամանագրի տեքստ հրապարակվել էր, սակայն, որպես փաստաթուղթ, այն գոյություն չունի, և դրա մասին տեղեկությունը հրապարակվել էր «ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով»։
Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց՝ պահանջելով հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։
Միևնույն ժամանակ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որով նախագահի ներկայացուցիչը խնդրել է արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թ, հրատարակության դասագրքի համապատասպան ենթավերնագրի ուսուցումը դպրոցներում՝ մինչև գործով դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։
Որպես հերքման տեքստ Շահրամանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողներին՝ հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել հետևյալ տեքստը․«Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։
Իրականում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի պահանջով և բնակչության սպանդի սպառնալիքով Արցախի նախագահին առաջարկել է հրավիրել Ազգային ժողովի նիստ և ընդունել Արցախը լուծարելու մասին հռչակագիր։ Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։ Հասկանալով իրավիճակի լրջությունն ու հաշվի առնելով շրջափակման փաստը՝ Արցախի նախագահն առաջարկել է հռչակագիրը փոխարինել իր իսկ կողմից ընդունված հրամանագրով։
Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես ադրբեջանական պահանջի այլընտրանք, նման հրամանագիր չընդունելով հանդերձ, Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին թիվ թիվ ՆՀ-657-Ն հրամանագրի գոյության մասին։ Հայտարարության նպատակը ՀՀ-ԱՀ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հրամանագիր՝ արդեն այն գրավոր տեսքի տալով ու ստորագրելով, որով նույն հարթակում անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։
Ո՛չ այս հրամանագիրը և ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի մասին որևէ հայտարարություն իրավական ուժ չունեին, երկուստեք հակասում էին թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող»։











