Ես շատ ուրախ եմ, որ նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության արարողության ժամանակ նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձևը այն է, որ աշխարհի ռազմական լավագույն տեխնոլոգիաները տարածվեն ու տեղադրվեն, որը ԱՄՆ–ն ունի։
Մենք հիմա 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար և մեր լավ բարեկամ վարչապետի։ Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կմնա, կայուն կլինի, դա նշանակում է ապագա հետագա լրացուցիչ աշխատատեղերի բացում, լրացուցիչ ներդրումներ»,– ընդգծեց ԱՄՆ փոխնախագահը։
Նա ընդգծեց, որ այն ինչ այսօր այստեղ կատարվում է, պատմական նշանակություն ունի. «Ես իրոք հպարտ եմ, որ ես Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելում է այս երկիր, և ես սպասում եմ վաղվա օրվան, որ ես մի քիչ կանցկացնեմ ձեր երկրում։ Սա ամբողջ աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից, պետություններից մեկն է։ Ես ինքս անձամբ քրիստոնյա եմ, և ես գիտեմ, թե այս երկիրը ի՞նչ է նշանակում ամբողջ աշխարհի համար և այն կրոնի համար, որ մենք երկուսով դավանում ենք։
Պարոն վարչապետ, շատ շնորհակալություն ձեր համագործակցության համար: Ե՛վ նախագահ Թրամփը, և՛ ես շատ նվիրված ենք այս համագործակցությունը ամրապնդելու գործին»,– իր խոսքն ամփոփեց Վենսը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:











