Հրազդան քաղաքում ընթանում են քաղաքապետի ընտրությունները:
Ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբն իր մրցակից, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանին եւ նրա շտաբին մեղադրել է ընտրակաշառքներ բաժանելու եւ այլ խախտումների մեջ: Մասնավորապես, շտաբը տեսագրություն է տարածել, թե ինչպես է 25/19 տեղամասում մի կին դժգոհում, որ Հայրապետյան Էդգարն ու Զաքարյան Մերին բոլորին գումար են բաժանել, իսկ իրեն` ոչ: Տեսանյութում կինը դժգոհում է, որ բոլորին 5-հազարական դրամ գումար են բաժանել, իսկ իրեն չեն տվել, թեեւ ինքը եւս Արամ Դանիելյանին է ընտրելու:
Իր հերթին հաղորդագրություն է տարածել նաեւ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը` մեղադրելով լրագրողներին եւ ընդդիմադիր թեկնածուի շտաբին կեղծիքների մեջ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններում տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ, որոնց հեղինակները դարձել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, եւ դա է պատճառը, որ հատկապես անհրաժեշտություն առաջացավ այս հաղորդագրությամբ դիմել լրատվամիջոցներին.
- Փետրվարի 12-ին Ժողովուրդ օրաթերթի լրագրողը, Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի գրասենյակից գողացել են վստահված անձանց անձնական բնույթի փաստաթղթեր:
- Թեկնածու Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր թաղամասի երկու ընտրական տեղամասերին հարող տարածքներում առկա են բավականաչափ կուտակումներ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի պահանջները:
- Ընդդիմադիր լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ այս պահին Հրազդան քաղաքում զբաղված են ընտրական գործընթացների ուղղակի միջամտությամբ եւ վերազանցում են իրենց գործառույթները:
- 25/19 տեղամասում Սասուն Միքայելյանի կողմնակիցներից մեկը փորձել է ուրիշի անձնագրով քվերակություն կատարել, որը կանխվել է Արամ Դանիելյանի վստահված անձի կողմից:
- Այս պահին, դեռեւս առկա են Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ տեքստով ցուցանակներ, իսկ նրա կենտրոնական նախընտրական շտաբի վրա փակցված է վերջինիս նկարը` կարգախոսով, որոնք համարվում են քարոզչանյութեր` իրականացնելով քարոզչություն»:











