Առավել զգոն պետք է լինեն խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը։ Ընտրական օրենսգրքում կան փոփոխություններ, որոնք կարող են մեկնաբանվել նրանց համար ոչ ցանկալի ձևով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ թեև փոփոխությունները նոր չեն, դրանց մեծ մասն ընդունվել են 2021 թվականին, սակայն խորդարանական ընտրություններին կիրառվելու են առաջին անգամ։ Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է կուսակցությունների անվան հետ կազմակերպությունների, հիմնադրամների ասոցիացմանը։ Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցիացվել կուսակցությունների անվան հետ, ոչ թե նախընտրական քարոզչության ընթացքում, այլ փետրվարի 6–ից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը չեն կարող իրականացնել բարեգործություն այն համայնքներում, որտեղ ընտրություն է։ Խորհրդարանական ընտրությունների դեպքում, փաստորեն, ամբողջ հանրապետությունում։
« Պետք չէ ունենալ քաղաքական կենսագրություն հասկանալու համար տողատակը։ Նույնիսկ տողատակ էլ չկա։ Շատ բացահայտ է։ Հայկական քաղաքական մշակույթում տարածված է ընտրական պրոցեսներում հիմնադրամների միջոցով տարատեսակ ծախսեր հոգալը, որը բնականաբար ընտրողի կամքի, այսպես ասենք, ձևավորման վրա ազդեցություն ունեցող գործոն կարող է համարվել»,– ասել է նա։
Արփինե Հովհաննիսյանի ձևակերպմամբ՝ փոփոխություններն ավելի կառավարելի են դարձնելու ընտրական պրոցեսը։ Իշխանության ձեռքին հայտնվել է բավական արդյունավետ և լայն կիրառման հնարավորություն ունեցող գործիք, որի միջոցով կարող են ցանկացած պահի ուժը կորցրած ճանաչել որևէ ուժի գրանցումը. «Ցանկացած մարդ կարող է ասել, որ այս հիմնադրամն ասոցիացվում է այս կուսակցության հետ՝ ուսման վարձեր է վճարել, կրթաթոշակ է վճարել, սոցիալական աջակցություն է տրամադրել, էլի տարբեր բաներ է արել։ Ինքն ազդեցություն է ունեցել ընտրությունների վրա, որոնք անդառնալի են»։
Դա բավարար կլինի դատարան դիմելու և կուսակցության գրանցումն ուժը կորցրած համարելու համար։ Նա հիշեցնում է՝ փոփոխությունները սկսել են գործել Ազգային ժողովի ընտրությունները նշանակելու օրվանից։ Այնինչ, աշխարհում նման արգելքները սկսում են գործել միայն նախընտրական քարոզչության ժամանակ։ Փոփոխություններ են կատարվել նաև նախընտրական քարոզչության ֆինանսավորման, քաղաքական միջոցառումներին։ Մասնավորապես համերգներին ու հանրային միջոցառումներին։
Հայաստանյան քաղաքական մշակույթում բավականին տարածված են համերգները, միջոցառումները, որտեղ մասնակցում են տարբեր աստղեր։ Դրանք կազմակերպվում են տարբեր ուժերի կողմից։ Հիմա նույնիսկ հիշատակում առ այն, որ որևէ թեկնածուի կողմից է դա կազմակերպվել կամ աջակցություն նրան հայտնելը, ավտոմատ այդպիսի միջոցառումը դիտարկում է քաղաքական գովազդի տակ։ Բնականաբար, դրա վրա սկսում են տարածվել կանոններ»,– ասել է նա։
Այս փոփոխություններով ընտրական գործընթացում որոշիչ կարող է դառնալ ոչ միայն քաղաքական պայքարը, այլև օրենքի մեկնաբանությունը։ Իսկ թե այդ մեկնաբանությունը որքան անաչառ կլինի և ում նկատմամբ կկիրառվի կպարզվի ընտրական գործընթացի ժամանակ։











